Главная » 2011 » Հունիս » 7 » Մահվան ելքով գործերը մշտապես հսկվում են
18:02
Մահվան ելքով գործերը մշտապես հսկվում են


Հարցազրույց ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հետ
 
Պարոն Կոստանյան, դուք շարունակում եք պաշտոնավորել որպես կառավարության նեկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Արդյոք համատեղելի են դատախազական աշխատանքն ու Եվրոպական դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալը: Սրանք տարբեր ոլորտներ չե՞ն:
 
Չեմ կարծում: Մարդու իրավունքների դատարանում ներկայացուցիչն ո՞վ է` դա պետության փաստաբանն է, պաշտպանն է ընդդեմ երկրի ներկայացրած հայցերով: Հետևաբար, սկսած այն պահից, երբ որևէ  գործընթաց է տեղի ունենում մարդու իրավունքներին առնչվող` դա ուղղակիորեն իր հետևանքում ունենալու է հնարավոր քննարկում Եվրոպական դատարանում: Եվ այդ տեսանկյունից, ես, որպես դատախազ, ցանկացած գործի հարուցման պահից սկսած արդեն իմ մտքում ունեմ հնարավոր քննարկումը Եվրոպական դատարանում, և դրա համար գործերի քննությունը իրավունքի, օբյեկտիվության տեսակետից արդեն դիտարկում եմ Եվրոպական դատարանում քննության համատեքստում, և դա իրականում շատ ավելի ողջամիտ է:
 
Իսկ ժամանակի առումո՞վ:
 
Ժամանակի առումով, կարծում եմ, դեռ երիտասարդ եմ և շատ ավելի ժամանակ կարող եմ տրամադրել աշխատանքին, քան սովորաբար տրամադրվում է:
 
Դուք դատախազական համակագում սկսեցիք աշխատել տարեսկզբին, ի՞նչ ժառանգություն էին ձեզ թողել, նկատի ունեմ`ծանր ժառանգությո՞ւն եք ստացել գործերի քանակի առումով:
 
Ցանկացած դեպքում, երբ գործ ունես հանցագործության հետ, անկախ նրանից ինչ քանակի ու ծավալի է, դա դժվար է: Ես չեմ կարող ասել,  թե դա ծանր ժառանգություն էր կամ ոչ ծանր: Այն գործերը, որ քննվել են մինչև իմ պաշտոնավարումը`քննվում են և շարունակում են քննվել իմ պաշտոնավարման ընթացքում: Այդ գործերի նկատմամբ օրենքով սահմանված գործառույթներն իրականացվում են անկախ ամեն ինչից և որևէ տարանջատում չի կարող լինել մինչև իմ պաշտոնավարումն էր սկսվել, թե պաշտոնավարման ընթացքում:
 
Այսօր, հատկապես, շատ են բողոքները քրեական գործերից և դրանց նկատմամբ իրականացվող դատախազական հսկողությունից: Վերջերս փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ դատախազական հսկողությունը քրեական գործերի նկատմամբ ընդհանրապես  զրո է:  Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
 
Ընդհանրապես, ինձ մի քիչ դժվար է գնահատական տալ, բայց այդուհանդերձ համամիտ չեմ մի առումով, որ դատախազական հսկողության շրջանակները և դատավարական ղեկավարում իրականացնելու գործառռույթները նախաքննության մասով հստակ կանոնակարգված են: Կանոնակարգված են նաև սպառիչ լիազորությունները, և եթե պարոն Սահակյանը գտնում է, որ որևէ գործառույթ իրականացվում է ոչ պատշաճ կամ ոչ ամբողջական, դրա համար կան համապատասխան միջոցներ, այդ թվում, դատախազական ակտերի բողոքարկման, ինչպես նաև դատախազների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու միջնորդությունների հնարավորություն:
 
Ինչ վերաբերում է կոնկրետ զինվորական դատախազության ոլորտին, ես, մեծ հաճույքով, ցանկացած ֆորմատում կարող եմ քննարկման առարկա դարձնել ցանկացած քրեական գործ, որն ըստ փաստաբանական կորպուսի, թերի է դատախազական հսկողության առումով, և եթե կլինեն հանգամանքներ, որոնք վրիպել են իմ ուշադրությունից, պատրաստ եմ շտկել:
 
Բայց, այնուամենայնիվ, ես ձեռնարկել եմ բոլոր միջոցներն իմ պատկերաց մամբ, ստորագրել եմ մի շարք կարգադրություններ ու տվել  համապատասխան ցուցումներ յուաքանչյուր քրեական գործով դատախազական հսկողության և ընդհանրապես դատախազական ներգործության եղանակների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, մասնավորապես, նախաքննական մարմինների` քննիչի կամ ոստիկանության հետ հարաբերությունների հստակեցման և դրանց կանոնակարգման տեսակետից:  Ցուցում է տրված յուրաքանչյուր գործով կազմել քննչական գործողությունների պլան` ցանկացած վարկածի առնչությամբ և յուրաքանչյուր վարկած քննչական և դատավարական գործողությունների հաջորդականաության, տրամաբանական շարունակականության ապահովման  տեսանկյունից պետք է քնարկման առարկա դառնա դատախազի հետ և վերջինս յուրաքանչյուր գործով կրում է ուղղակի պատասխանատվություն անկախ նրանից, թե նրա հնարավոր բացթողումն ու թերացումը որ փուլում կհայտնվի:
 
Այսինքն, դուք հասցնում եք հսկողություն իրականացնել քրեական բոլոր գործերո՞վ…
 
Ես ստեղծել եմ այնպիսի մեխանիզմ, որ տեսականորեն և գործնականում բոլոր գործերը քննարկվում են ինձ հետ: Հսկողական մեխանիզմը հետևյալն է.  դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազը համապատասխան քննարկումների միջոցով զեկուցում է կայազորի դատախազին, վերջինս էլ համապատասխանաբար զոնալ դատախազներին, որոնք նստում են կենտրոնական ապարատում, իսկ վերջիններս էլ  յուրաքանչյուր գործով ներկայացնում են զեկուցներ, այդ թվում մեղադրանքի որակման ու առաջադրման, կալանավորման ու մեղադրական եզրակացությունը հաստատելու հարցերի հետ կապված: Բացի այս, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ բոլոր կայազորների դատախազները նախաքննության և դատաքննության փուլում գտնվող բոլոր գործերով իրականացնում են անընդհատ և պարբերաբար զեկուցումներ: Հետևաբար ես տեղյակ եմ յուրաքանչյուր գործի ընթացքի վերաբերյալ:
 
Զինվորական դատախազի պաշտոնում  Ձեր նշանակումից ի վեր, երբ  սկսեցիք ընդունելություններ կազմակերպել, բողոք ունեցողների հոսքը դեպի զինվորական դատախազություն մեծացավ: Ի՞նչ եք արձանագրել այդ հանդիպումների արդյունքում,  ովքե՞ր էին բողոքավորները:
 
Իհարկե, սկզբնական շրջանում ծնողների, այն անձանց քանակը, ովքեր ցանկություն ունեին ընդունելության, շատ ավելի քիչ էր, և նրանք անընդհատ ավելանում էին: Օրինակ, անցած շաբաթ 32 անձ էր եկել ընդունելության: Մի հանգամանքի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ ընդունելություն խնդրող և բողոք ներկայացնող անձինք մեծամասամբ մեղադրյալների և ամբաստանյալների հարազատներն էին: Պետք է նշեմ, որ տուժողների հարազատների և ծնողների հոսքը էականորեն նվազել է, և այս պահի դրությամբ ընդունելության գալիս են միայն նախկին քրեական գործերով տուժողներն ու նրանց իրավահաջորդները: Ընդ որում կան գործեր, որոնք տաս տարվա վաղեմություն ունեն: Այս տարվա, մասնավորապես, մահվան  դեպքերով  քննվող գործերով տուժողներ դեռևս չեն եկել և բողոքներ չեն ներկայացրել:
 
Անցած տարվանից սկսած մահվան գործերով հարուցված քրեական գործերը մեծամասամբ հարուցված են և հարուցվում են ինքնասպանության հասցնելու հոդվածներով: Նախկինում մահվան դեպքերով քրեական գործերը հարուցվում էին դիտավորյալ սպանության հոդվածներով: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
 
Նախկինի և այս պահի դրությամբ համեմատություն անելը մի քիչ դժվար է: Քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է ունենալ բավարար հիմքեր, եթե դեպքը տեղի է ունեցել և հարուցման հիմքերը այնպիսին են, որոնք տանում են  դեպի ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելը, հարուցվում են այդ հիմքով, իսկ եթե հանգամանքներ կան, որով սպանության վարկածն է ավելի հիմնավոր դառնում, հարուցվում է սպանության հոդվածով: Ամեն դեպքում, այս վերջին դեպքերով, այո, ի սկզբոնե հարուցվում է  ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ վարկածը գործի քննության ընթացքում չի կարող փոխվել:
 
Էլի մեր մի դիտարկման մասին պիտի հարցնեմ, գործնականում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործերի ընթացքը հիմնականում չի փոխվումև այդպես էլ մտնում են դատարան:
 
Ես հասկանում եմ ինչ եք ասում, ընդամենը փաստեմ մի բան, անկախ նրանից, որ դա հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, թե սպանության, բոլոր վարկածները ստուգվում են միաժամանակ և կրկնվելով ասեմ, որ նախաքննությունը տանում ենք այն ուղությամբ, որ ոչ թե հիմնավորենք կոնկրետ մի վարկած, այլ` միաժամանակ հերքենք բոլոր հնարավոր մյուս վարկածները: Եթե գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով և անգամ դա գնում է դատարան, դա նշանակում է, որ մենք նախաքննության ընթացքում, ըստ էության, ժխտել ենք ու բացառել ենք սպանության հնարավորությունը և հակառակը, եթե սպանության հատկանիշներով է հարուցված քրեական գործը և նախաքննությունն ընթանում է այդ ուղղությամբ, ուրեմն, սպանությունը հիմնավորելուն զուգահեռ հերքում ենք ինքնասպանության հասցնելու կամ այլ հնարավոր վարկածները: Այսինքն, կապ չունի, թե ինչ հոդվածով է հարուցվում:
 
Մենք չունենք վիճակագրական տվյալներ, բայց տպավորություն կա, որ մահվան դեպքերի մեծ մասը որակված են ինքնասպանություններ, որ ավելի շատ են ինքնասպան զինծառայողները, քան մահվան այլ պատճառներով դեպքերը:Ինքնասպանություն որակումը հոգեբանորեն կոտրում է ծնողին:
 
Նախ ես հակված չեմ կարծելու, որ ինքնասպանությունները բանակում շատացել են, բայց այնուամենայնիվ, եկեք տեսնենք, թե տարեկան քանի հոգի է զորացրվում հոգեկան խանգարումների պատճառով, ընդ որում, նրանք հոգեկան հիվանդներ չեն: Զինվորը, որը հոգեպես շատ առողջ վիճակում է, մեկ ամիս զինծառայության ընթացքում կարող է ձեռք բերել, ինչպես ռազմական հոգեբաններն են ասում, իրավիճակային խանգարում: Ես կասեի, որ դա զինվորական ծառայության առանձնահատկությւնն է այն առումով, որ այնպիսի մթնոլորտ է ստեղծվում, որ 18 տարեկան երիտասարդի մոտ ձևավորվում է մի իրավիճակ, որը հանգեցնում է սթրեսային վիճակի:
 
Անցած տարի մահվան դեպքերի թիվը մեծ էր և դրանց հետ կապված մեծացավ հասարակական հնչեղությունը: Նաև պետք է արձանագրենք, որ ՀՀ Զինված ուժերում առկա խնդիրները հայտնվեցին միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Ի՞նչ դիտարկում ունեք Դուք, այս ընթացքում որևէ փոփոխություն տեղի ունեցե՞լ է վիճակը բարելավվելու առումով:
 
Ես հանդիպել եմ բոլոր այն միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, ովքեր ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հետ կապված գտնվել են Հայաստանում և նրանց հետ առարկայական քննարկում է տեղի ունեցել: Ես կարևոր մի դիռարկում եմ արել և կարող եմ արձանագրել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, հետևաբար հանցավորության մակարդակը զինված ուժերում, դա համալիր գործողությունների ամբողջություն է: Օրինակ, միայն զինվորական դատախազությունը կամ ռազմական ոստիկանությունն ու պաշտպանության նախարարությունը չեն կարող իրենց առանձին գործողությունների արդյունքում հանգեցնել դրա նվազեցմանը կամ աճին: Միայն համալիր կամ պատկան մարմինների հետ համատեղ գործողությունների արդյունքը կարող է հանգեցնել նման եզրահանգման:
 
Նախկինում էլ, որպես ՀՀ նախագահի օգնական, իհարկե ոչ մշտական, դիտարկումներ անում էի և պատկերացում ունեի զինվորական հանցավորության վիճակի, կարգապահական մակարդակի վերաբերյալ: Պետք է նշեմ, որ վերջին մեկ տարվա կտրվածքով ես կտրուկ նվազում եմ տեսնում, ինչը պայմանավորված է երկու հանգամանքով:
 
Պաշտպանության նախարարի քաղաքականությունն այսօր ուղղված է զորքերում կարգապահությունը հաստատելուն`զորքերի կրթական, ռազմական գիտելիքների մակարդակը բարձրացնելուն և սա մեխանիկորեն հանգեցնում է ընդհանրապես կարգապահության և կարգուկանոնի հաստատմանը զորքերում, հետևաբար նաև մարտունակության բարձրացմանը ու նաև հանցավորության նվազեցմանը:
 
Ես ողջունում եմ Պնախարարի այս տարվա թիվ մեկ հրամանով սահմանված ռազմական  ոստիկանության հենակետերի ստեղծումը  զորամասերում և այսօր ցանկացած զորամասում մշտապես ներկա է ռազմական ոստիկանության ներկայացուցիչը, ինչը հրաշալի կանխարգելիչ միջոցառում է: Իրականում, հանցավորության քանակը էականորեն նվազել է: Բացի այն, որ նախարարի քաղաքականությունը բերում է նրան, որ թե զինվորը, թե սպայակազմը` կրտսերից մինչև բարձրաստիճան, իր էությամբ ու բնույթով է փոխում:: Այսինքն, մտածողության փոփոխությունը, գումարած կանխարգելիչ բնույթի միջոցառումները և դրան հաջորդող անպատժելիության մթնոլորտի վերացումը: Ես կարող եմ փաստել, որ չկա հանցագործություն, որով պատժի կիրառում չլինի:
 
Մենք հետևում ենք անցած տարի տեղի ունեցած մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքին և մեր տպավորությամբ դրանց բացահայտման միտումները չկան:
 
Ես կարող եմ երկու օրինակ բերել, Արտակ Նազարյանի մահվան գործով քննության ընթացքում մենք մեղավոր անձանց շրջանակը ընդլայնեցինք և ևս մեկ սպա ներգրավվեց որպես մեղադրյալ ու կալանավորվեց: Վերջինս, ինչպես պարզվեց, տուժողի նկատմամբ կիրառել էր բռնություն, նվաստացրել նրան և այլն:
 
Երկրորդը` Վալերի Մուրադյանի քրեական գործն է, որը կասեցեված էր: գործը կասեցումից հանվեց, համապատասխան հանձնարարականներ տրվեցին քննչական, օպերատիվ հետախուզական մարմիններին և այն արդյունք տվեց: Արդեն ունենք որպես մեղադրյալ ներգրավված անձ և քննությունը դեռևս շարունակվում է:
 
Ինչպես գիտեք, Արտակ Նազարյանի գործը հայտնվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում, ինչը նշանակում է, որ այն մշտապես լինելու է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Նախաքննությունն այս գործով շաունակվում է արդեն 11 ամիս: Քննությունը դեռ շարունակվելո՞ւ է:
 
Ասեմ, որ ինձ շատ քիչ է հետաքրքրում այն հանգամանքը, թե գործը հայտնվել է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Անկախ դրանից ես իմ աշխատանքը կատարում եմ ու կատարելու եմ: Ես աշխատում եմ գործի ամբողջականությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը ապահովելու համար և արդյունքում ես դրան հասնելու եմ: Նախաքննությունը կավարտվի և ես պատրաստ եմ ցանկացած ֆորմատով ցանկացած քննարկումների` ցանկացածի հետ, այդ թվում միջազգային կառույցների: Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, անկեղծ ասած ծանոթացել եմ Համմարբերգի զեկույցին և իմ առարկություններն եմ ներկայացրել:
 
Ուշադրություն դարձրեք մի բանի , այդ զեկույցում օրինակները հիմնված են բացառապես տուժողների իրավահաջորդների խոսքերի վրա: Անգամ էլեմենտար գործի նկարագրությունը զեկույցում բացարձակ առնչություն չունի գործի հանգամանքների հետ: Սա էլ ուրիշ ծայրահեղություն է, կողմը գնում լսում է տուժողի իրավահաջորդին, որը իր հոգեվիճակի, իր էմոցիաներով պայմանավորված նկարագիր է տալիս և այդ նկարագիրը դառնում է փաստ:
 
Ես տեղյակ եմ, որ մարդու իավունքների հանձնակատարը հանդիպել է նաև տուժողի իրավահաջորդների փաստաբանների հետ:
 
Փաստաբանը չի կարող իմանալ գործի բոլոր հանգամանքները, և եթե փաստաբանը 50 հանգամանքից գիտի 5-ի մասին և դրա հիման վրա եզրահանգում է անում ու որպես փաստ ներկայացնում, ուրեմն փաստաբանի պատասխանատվության հարցը պետք է բարձրացնել: Փաստաբանը զուտ իր պաշտպանյալին բարեհաճ և նրա ցանկություններին համապատասխան կեցվածք ընդունելու համար շատ դեպքերում նման հայտարարություններ է անում: Եղել են դեպքեր, երբ նույն փաստաբանին ասել եմ, որ դու փաստաբան չես, այլ` պրոֆեսիոնալ իրավաբան ես, ինձ տղամարդու պես ասա որպես պրոֆեսիոնալ` սա էսպես է թե ոչ, և նա ինձ ասել է` այո, էդպես է: Փաստաբանը նաև իր պաշտպանյալի հակվածությունն ամրապնդելու խնդիրներ ունի, ես դա հասկանում եմ:
 
Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց զեկույցներում հատուկ տեղ են տալիս տուժածին, իրենց մտահոգությունն ու աջակցությունն են հայտնում զուտ մարդու իրավունքների տեսանկյունից: Սա նաև զգուշացում է:
 
Այո, իրենք մտահոգությունից զատ այլ բան չէին էլ կարող ասել, բայց երբ այդ մտահոգությունների համար տեղիք տվող հանգամանքները միակողմանի են, դա էլ այլ խնդիր է: Իսկ ինձ հետաքրքիր է, թե ինչու է այդ նույն զեկույցներում ներառված Արտակ Նազարյանի գործը, այլ ոչ նմանատիպ 30-40 դեպքերը:
 
Ինչո՞ւ,  Ձեր կարծիքով:
 
Այո, ուշադրություն հրավիրել պետք է, բայց այն խնդիրների վրա, որոնք իրականում կան: Մեզ մոտ այնպիսի մոտեցում է ձևավորվել, որ ինչքան շատ աղմկես, քո նկատմամբ այնքան ուշադրությունը մեծ կլինի:
 
Ըստ էության, Ձեր թվարկած գործերով որոշ տեղաշարժ կա մեղարյալներ ներգրավելու առումով: Սրանք հենց այն գործերն են,  որ նախագահական նստավայրի մոտ Սերժ Սարգսյանը մոտեցել էր զոհված զինծառայողների ծնողներին, ապա ձեզ հանձնարարականներ տվել:
 
Միայն հանձնարարականներ չեն, այլ` պարբերաբար զեկուցումներ են հանրապետության նախագահին: Խիստ հսկողություն է իրականացվում ոչ միայն Օհանջանյանների կամ մյուսների, այլ` ցանկացած մահվան ելքով գործերով ու բռնությամբ, ոչ հակառակորդի կողմից կատարված դեպքերով բոլոր մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել: Այսինքն, դա բոլոր գործերին է վերաբերում, բայց մահվան ելքերով գործերը մշտապես և անընդհատ հսկողության է ենթարկվում հանրապետության նախագահի կողմից:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

www.lragir.am

Просмотров: 538 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail