Главная » Статьи » Իրավական Հոդվածներ

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Քրեական դատավարության տեսության մեջ ամենավիճահարույց հիմնահարցերից մեկը քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտի նպատակահարմարությունն է, իսկ այդ ինստիտուտից հրաժարվելու դեպքում` ի հայտ եկող տեսական և գործնական խնդիրների լուծումը: Սույն աշխատանքում փորձ է արվում ներկայացնել գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու և դատարանում մեղադրանքը փոփոխելու ինստիտուտների հարաբերակցությունը` ՀՀ Սահմանադրությանը դրանց համապատասխանության տեսանկյունից:

Պետք է նշել, որ լրացուցիչ նախաքննության ինստիտուտի նպատակահարմարության հարցը քննարկումների առարկա դարձավ միայն նախկին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ առաջին պլան մղվեց մրցակցությունը քրեական դատավարությունում, սկզբունք, որը որոշում է քրեական գործերով վարույթի տիպը: Սկսվեց անցումը ինկվիզիցիոն դատավարությունից դեպի մրցակցային դատավարություն, որի առավել ժողովրդավարական և մարդասիրական լինելն այսօր արդեն կասկած չի հարուցում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածն ամրագրեց, որ քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:
Այնուամենայնիվ, նախկին միութենական հանրապետություններից շատերում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում նախկին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ընդունված քրեական դատավարության օրենսգրքերում լրացուցիչ նախաքննության ինստիտուտը պահպանվեց:
Այսպես, 1998թ. ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածը սահմանում էր, որ դատարանը գործը ուղարկում է լրացուցիչ նախաքննության`
1.երբ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից թույլ է տրված քրեադատավարական օրենքի էական խախտում, եթե դա չի կարող վերացվել դատական քննության ընթացքում,
2.մեղադրողի միջնորդությամբ` երբ առկա են մեղադրանքը ավելի ծանր կամ փաստական հանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքով փոխելու հիմքեր:
Ժամանակի ընթացքում, սակայն, այդ պետություններում նկատվեց լրացուցիչ նախաքննության ինստիտուտից հրաժարվելու միտում: Այսպես, 1999 թվականի ապրիլի 20-ի թիվ 7 որոշմամբ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանը ՌԽՖՍՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը ճանաչեց սահմանադրությանը հակասող` պատճառաբանելով, որ <<դատարանը, նախաձեռնելով մեղադրանքի  հիմնավորմանն ուղղված քննչական գործունեության շարունակությունը, փաստորեն իրականացնում է իրեն անհամապատասխան մեղադրական գործառույթ: Կողմերի միջնորդության բացակայության պայմաններում գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելը կարող է արտահայտել միայն  մեղադրանքի կողմի շահերը, քանի որ դրանով լրացվում են մեղադրական  գործունեության ժամանակ տեղ գտած բացերը >>: ՌԴ դատարաններն այլևս զրվեցին հետաքննության կամ նախաքննության` դատական քննության ընթացքում չվերացվող թերությունները վերացնելու, ինչպես նաև առաջադրված մեղադրանքի հետ կապված այլ մեղադրանք առաջադրելու, կամ մեղադրանքն ավելի ծանր կամ նախկինից փաստական հանգամանքներով էապես տարբերվող մեղադրանքով փոխարինելու համար գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու հնարավորությունից:
2002թ. հուլիսի  1-ից  գործողության  մեջ  դրվեց  ՌԴ  քրեական  դատավարության  օրենսգիրքը, որը, սահմանելով դատարանի մրցակցային լինելը, հրաժարվեց  գործը լրացուցիչ  նախաքննության  ուղարկելու  ինստիտուտից` 237-րդ հոդվածում նախատեսելով <<Գործը մեղադրողին վերադարձնելու >>  ինստիտուտը:
ՀՀ Սահմանադրական դատարանը <<Քաղաքացի Գևորգ Գզրարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ կետի, 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ>> գործով 24.07.2007թ. որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` լրացուցիչ նախաքննություն նախատեսող բոլոր դրույթները ճանաչեց ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին հակասող և անվավեր:
Սահմանադրական դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ 311-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքով գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելով` <<դատարանը նախաքննության մարմնին հնարավորություն է տալիս <<վերակենդանացնել>> ձախողված մեղադրանքը>>:
Համաձայն Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման 6-րդ կետի` <<Նման (311-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված`մեղադրանքը ավելի ծանր կամ փաստական հանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքով փոխելու հիմքերի առկայությամբ մեղադրողի միջնորդությամբ գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին- Գ.Բ.) որոշման կայացման հնարավորությունը պայմանավորելով միայն մեղադրողի միջնորդության առկայությամբ` օրենսդիրը փորձ է արել դատարանին ձերբազատել մեղադրական թեքումից, սակայն, այնուամենայնիվ, խախտվել է քրեական դատավարության կարևոր սկզբունքը, ըստ որի` դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը (ՀՀ քր. դատ. օր-ի 23-րդ հոդված), սկզբունք, որը նպատակաուղղված է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված` դատարանի անկախության և անկողմնակալության ապահովմանը: Ընդ որում` դատավճիռ կայացնելիս դատարանի լուծմանը ենթակա հարցերը հստակ սահմանված են ՀՀ քր. դատ. օր-ի 360-րդ հոդվածում>>:
Փաստորեն, Սահմանադրական դատարանը կողմերի հավասարության սկզբունքին հակասող է ճանաչել ինչպես դատարանի նախաձեռնությամբ, այնպես էլ մեղադրողի միջնորդությամբ քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելը:
Սահմանադրական դատարանը մեջբերում է միջազգային փորձը` որպես օրինակ ներկայացնելով ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածում ամրագրված` գործը մեղադրողին վերադարձնելու ինստիտուտը:
Գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտը հակասահմանադրական ճանաչելով` Սահմանադրական դատարանը կանխորոշեց դրան փոխարինող ինստիտուտի էությունը: Մասնավորապես իր որոշման մեջ Սահմանադրական դատարանը մեջբերում է <<Դատախազության մասին>>ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը` նշելով, որ դրանում ամրագրված դրույթի տրամաբանությունը կարող է դրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխման հիմքում:
<<Դատախազության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե առաջին ատյանի դատարանում մեղադրողը գտնում է, որ մեղադրանքը ենթակա է մեղմացման կամ խuտացման, քանի որ դատական քննության ժամանակ ի հայտ են եկել այնպիuի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել  մինչդատական վարույթում, դատախազն իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու դատարան` արարքը վերաորակելու նպատակով դատական նիuտը հետաձգելու վերաբերյալ: Դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիuտը` անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիuտը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 1 ամuով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ: Ամբաuտանյալի կամ նրա պաշտպանի, տուժողի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանը պարտավոր է հետաձգել նիuտը` նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամկետ տրամադրելու նպատակով:
Իրականում հենց այս դրույթն էլ ընկավ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածով ամրագրված`  նոր ինստիտուտի հիմքում:
Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խuտացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիuի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, եւ եթե գործի փաuտական հանգամանքները հնարավորություն չեն տալիu մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդեu գալ մինչեւ դատարանի խորհրդակցական uենյակ հեռանալը:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ վերոնշյալ հիմքերի առկայության դեպքում դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիuտը` անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիuտը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամuով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ:
Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մաuին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ ներկայացնում է դատարան:
309.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` մեղադրողը կարող է մինչեւ դատարանի խորհրդակցական uենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաեւ` խuտացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաuտանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղuագրվում է:
Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատաuխանողին կամ նրանց ներկայացուցիչներին դատարանը նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամանակ է տրամադրում նրանց միջնորդության դեպքում, իuկ ամբաuտանյալին եւ նրա պաշտպանին` անկախ միջնորդությունից:
ՀՀ քր. դատ. օր-ի 309-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ եթե դատաքննության ընթացքում պարզվում է, որ ամբաuտանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ, իuկ մեղադրողը խuտացնելու առումով արարքը վերաորակելու որոշում չի կայացնում կամ վերաորակելու համար դատական նիuտը հետաձգելու միջնորդություն չի ներկայացնում, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մինչեւ 10 oր ժամկետով հետաձգում է դատական նիuտը` առաջարկելով գլխավոր դատախազին կամ տեղակալին վերահաuտատելու մեղադրական եզրակացությունը:
Մեղադրական եզրակացությունը վերահաuտատելուց հետո դատարանը, մեղադրական եզրակացությանը համապատաuխան, կայացնում է դատական ակտ:
<<Դատախազության մասին>>ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ  մասի  համաձայն` քրեական դատավարության oրենuգրքի 309.1-րդ հոդվածի 5-րդ մաuով նախատեuված կարգով առաջարկություն uտանալիu գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը կայացնում է որոշում մեղադրական եզրակացությունը վերահաuտատելու վերաբերյալ եւ ներկայացնում դատարան կամ անում նույն oրենքի 309.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մաuերով նախատեuված միջնորդություններից որեւէ մեկը:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել  դատարանում մեղադրանքը փոփոխելու երկու կարգ.
1.Մեղադրանքի փոփոխում առանց քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման, երբ դատարանում հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են մեղադրանքը փոփոխելու անհրաժեշտության մասին/ 309.1-րդ հոդվածի 3-րդ կետ./,
2.Մեղադրանքի փոփոխում քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմամբ, երբ դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խuտացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիuի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, եւ եթե գործի փաuտական հանգամանքները հնարավորություն չեն տալիu մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու/309-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր/ :
Նշված երկու կարգերով մեղադրանքի փոփոխությունը, համաձայն 309.1-րդ հոդվածի 5-րդ մասի, կարող է լինել նաև դատարանի` գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին ուղղված` մեղադրական եզրակացությունը վերահաստատելու մասին առաջարկության հիման վրա, երբ դատաքննության ընթացքում պարզվում է, որ ամբաuտանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ, իuկ մեղադրողը խuտացնելու առումով արարքը վերաորակելու որոշում չի կայացնում կամ վերաորակելու համար դատական նիuտը հետաձգելու միջնորդություն չի ներկայացնում:
Ստացվում է, որ որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածն ըստ էության վերացրեց միայն 311-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից` դատական քննության ընթացքում չվերացվող քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տրված լինելու հիմքով քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելը: Մինչդեռ այդ հոդվածի երկրորդ կետով նախատեսված հիմքի էությունը պահպանվել է:  Այսպես, ՀՀ քր. դատ. օր-ի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից բխում է, որ մեղադրողը միջնորդում է հետաձգել դատական քննությունը` քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնելու և արդյունքում մեղադրանքը փոփոխելու համար: Տարբերությունն այն է, որ եթե նախկինում քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնելու և մեղադրանքը փոփոխելու համար գործն ուղարկվում էր լրացուցիչ նախաքննության, ապա այժմ դատական քննությունը հետաձգվում է և գործը չի անցնում քննիչի վարույթ:
Ավելին, ինչպես երևում է 309.1-րդ հոդվածի 5-րդ և <<Դատախազության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի  բովանդակությունից, այժմ մեղադրյալին առաջադրված մեղադրանքի փոփոխությունը, այդ թվում նաև խստացման առումով, կարող է լինել նաև դատարանի` գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին ուղղված առաջարկության ոչ անմիջական արդյունք: Այսպես, <<Դատախազության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասից բխում է, որ դատարանի առաջարկության հիման վրա մեղադրական եզրակացությունը չվերահաստատելու դեպքում գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը միջնորդություն է ներկայացնում դատարան` մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու մասին:
Այսինքն` այս դեպքում դատական քննության փուլում գտնվող գործով քննչական գործունեությունը շարունակվում, իսկ արդյունքում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, այդ թվում` խստացման առումով, փոփոխվում է դատարանի նախաձեռնությամբ, իսկ ավելի կոնկրետ` գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին ներկայացված առաջարկության արդյունքում: Թեև տվյալ դեպքում դատարանը գլխավոր դատախազին առաջարկում է ոչ թե միջնորդել հետաձգելու դատական քննությունը մեղադրանքը փոփոխելու համար, այլ վերահաստատել մեղադրական եզրակացությունը, այնուամենայնիվ  գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից մեղադրական եզրակացությունը չվերահաստատելու դեպքում որպես դատարանի առաջարկության անուղղակի արդյունք  հանդես է գալիս ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի փոփոխումը, այդ թվում` խստացման առումով, և նոր մեղադրանքի առաջադրումը:
Ընդ որում` գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին մեղադրական եզրակացությունը վերահաստատելու առաջարկություն ներկայացնելով` դատարանը ուղղակիորեն հայտնում է իր անհամաձայնությունը արարքի որակման հետ` դրանով արտահայտելով նաև իր դիրքորոշումը առաջադրված մեղադրանքով գործի լուծման վերաբերյալ:
Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ Սահմանադրությանը հակասում էր միայն <<Լրացուցիչ նախաքննություն>> անվանումը, քանի որ, ինչպես տեսանք, մեղադրողի միջնորդությամբ դատական քննությունը հետաձգելով և քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելով դատարանում մեղադրանքը փոփոխելը ունի նույն էությունը, ինչ որ գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելը ՀՀ քր. դատ. օր.-ի 311-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքով:
Ավելին, 309.1-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով դատարանի կողմից գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին մեղադրական եզրակացությունը վերահաստատելու մասին առաջարկություն ներկայացնելը ավելի է նսեմացնում դատարանին:
Հետևաբար դատարանում մեղադրանքը փոփոխելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով նախատեսված եղանակները գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտի նման հակասում են ՀՀ Սահմանադրության 19-րդ և 23-րդ հոդվածներին:
Մենք, ընդունում ենք, որ գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու և դատարանում մեղադրանքը փոփոխելու ինստիտուտների բացակայությունը գործնական և տեսական խնդիրների պատճառ կարող է դառնալ` կապված արարքի սխալ որակման կամ դատաքննության ընթացքում այնպիսի հանգամանքների ի հայտ գալու հետ, որոնք հայտնի չեն եղել վարույթն իրականացնող մարմնին և չէին կարող հայտնի լինել:
Դա պայմանավորված է նրանով, որ այդպիսի ինստիտուտների բացակայությունը բնութագրական է <<մաքուր մրցակցային>>քրեական դատավարությանը:
Գրականության մեջ նշվում է, որ <<գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտի առկայությունը ենթադրում է դատարանի ակտիվ դերը և նրա ապացուցման սուբյեկտ լինելը, ինչը բնորոշ չէ մրցակցային դատարանին >>:
Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ քրեական դատավարությունը հռչակում է մրցակցային, նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դատարանը կաշկանդված չէ կողմերի կարծիքներով և իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քրեական գործով ճշմարտությունը բացահայտելու համար:
Ավելին, նույն օրենսգրքի` քրեական դատավարության խնդիրները սահմանող 2-րդ հոդվածի վերլուծությունը ուսումնասիրողին հանգեցնում է այն եզրահանգման, որ վարույթն իրականացնող մարմնի` այդ թվում` դատարանի վրա դրված է գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտման պարտականություն:
Այդպիսի պարտականություն կրող դատարանը մրցակցային համարել չի կարելի, քանի որ տվյալ դեպքում նաև իր վրա տարածվող խնդիրների լուծման համար դատարանը ստիպված է լինում <<օժանդակել>> քրեական հետապնդման մարմնին:
Հետևաբար, ՀՀ քրեական դատավարությունը պատկանում է ոչ թե <<մրցակցային>>, այլ <<խառը>> տիպին, որի պայմաններում դատարանին <<պասիվ արբիտրի>> դերն այնքան էլ բնութագրական չէ:
Ի դեպ, ՌԴ Սահմանադրական դատարանը 08.12.2003թ. որոշմամբ մեկնաբանեց գործը մեղադրողին վերադարձնելու ինստիտուտի սահմանադրաիրավական իմաստը` սահմանելով, որ դատարանը գործը վերադարձնում է մեղադրողին քրեադատավարական օրենքի այնպիսի էական խախտումները վերացնելու համար, որոնք չեն կարող վերադարձվել դատական քննության ընթացքում և, որոնք կապված չեն նախաքննությունը լրացնելու հետ` դրանով ըստ էության վերականգնելով գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու` դատարանի հնարավորությունը: Այսինքն` գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտի բացակայությունը ՌԴ-ում ևս խնդիրներ առաջացրեց` պայմանավորված ՌԴ քրեական դատավարության տիպով և իրավական ավանդույթներով:
Ուստի, քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտից հրաժարման անհրաժեշտությունը, պետք է պայմանավորեր ոչ թե դրանից շատ քիչ տարբերվող նոր ինստիտուտի ներմուծումը քրեական դատավարություն, այլ հենց <<մաքուր մրցակցային>> քրեական դատավարության ստեղծումը:
Այլ կերպ ասած` Լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտից հրաժարվելը պետք է իրականացվեր քրեական դատավարության օրենսդրության համընդհանուր բարեփոխման համատեքստում` հաշվի առնելով նաև, թե ինչքանով են այդպիսի փոփոխության արդյունքին պատրաստ մինչդատական վարույթն իրականացնող և դրա նկատմաբ դատավարական ղեկավարում իրականացնող մարմինները, ինչպես նաև հասարակությունը` իր իրավագիտակցության զարգացվածության մակարդակով:
Категория: Իրավական Հոդվածներ | Добавил: norikyan (07.03.2011)
Просмотров: 1682 | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Name / Login
E-mail