18:53 Հովիկ Շահինյանը ցուցմունք է տվել հօգուտ քրոջ տղայի | |
Այս գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաեւ ՀՀԿ Արաբկիրի տարածքային նախագահ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդին, ով սկզբում ընդունել էր իր մեղքը, որով նրան սպանության մեղադրանք էր առաջադրվել, սակայն հետո հրաժարվել է իր ցուցմունքներից: Դրա արդյունքում գործում շրջադարձ եղավ. մեղադրանք առաջադրվեց միջադեպի այլ մասնակցի` Վռամ Բաղդասարյանին, ով չի ընդունում մեղադրանքը եւ հրաժարվում է ցուցմունք տալ: Գործը հասարակական ու քաղաքական հնչեղություն ստացավ, քանի որ քննության ժամանակ պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով տվյալների ու ապացույցների խեղաթյուրում թույլ տալու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատվեց պաշտոնից եւ կալանավորվեց։ Հայտնի է, որ սույն գործի շրջանակներում շրջանառվում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի անունը: Մասնավորապես, ըստ մամուլի հրապարակումների` քննության ընթացքում պարզվել է, որ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը հեռախոսային խոսակցություն է ունեցել միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած Արսեն Ահարոնյանի` Հովիկ Շահինյանի քրոջ տղայի, եւ միջադեպի մասնակից Պետրոս Գրիգորյանի հետ, որից հետո Շահինյանի քրոջ որդին իր վրա է վերցրել մեղքը: Դատական նախորդ նիստում դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակվեց քրգործով յոթ կալանավորվածներից մեկը՝ Նարեկ անունով, ով եղել էր հանցագործության ժամանակ օգտագործված մեքենայի վարորդը: ՀՀԿ Արաբկիրի տարածքային նախագահ Հովհաննես Շահինյանը տեւական բացակայությունից հետո օրերս վերադարձել է Հայաստան: Մենք զրուցեցինք նրա հետ: - Պարոն Շահինյան, տեղեկություններ կան, որ Դուք Ձեր քրոջ տղայի վրայից սպանության մեղադրանքը հանելու մասով գործուն մասնակցություն եք ունեցել: Ճի՞շտ է: - Նախ. ես այդ դեպքի ժամանակ բացակայում էի հանրապետությունից եւ վերադարձել եմ մեկ ամիս հետո, երբ արդեն քննչական գործողություններ էին գնում: Եվ գործընթացն իր բնականոն հունով գնաց, գնաց եւ հասավ իրա տրամաբանական ավարտին: Եվ կարծում եմ` հարցն ինձ չպետք է ուղղվեր, երեւի պետք է ուղղվեր այլ մարմինների: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես ինչո՞վ պետք է գործուն մասնակցություն ունենայի, կամ ո՞նց եք այդ ամենը պատկերացնում: Բացարձակ նման բան չկա: Կարծում եմ՝ արդեն էն աստիճանի հասավ, որ էդ մասին նաեւ հանրապետության նախագահն անդրադարձավ, եւ դրանից հետո ավելի ու ավելի կարծես թե օբյեկտիվ քննություն սկսվեց: Ինչ վերաբերում է իմ մասով, որպես Արսենի քեռի, նաեւ Վռամը, Պետրոսը, որոնք իմ սանիկներն են, ինձ համար մեծ հաշվով ի՞նչ տարբերություն, թե նրանցից ով է ավելի մեղավոր կամ ով քիչ: Երեւույթն է իմ կողմից դատապարտելի, որ առաջին հերթին նման երեւույթ պիտի չլիներ, կապ չունի, թե ով ում բարեկամն է: - Ուզում եք ասել` Ձեզ համար Ձեր քրոջ տղան ու օտարը հավասար սանդղակի վրա՞ են: - Եթե ես Արսենի քեռին եմ, մյուս երկուսն էլ իմ սանիկներն են, ինձ համար ի՞նչ: Ինձ համար ամենավատն էն էր, որ եղել ա նման երեւույթ, եւ մահացել ա երիտասարդ տղա: Թե չէ մնացածը թող ամեն մարդ իր մասով իր պատասխանատվությունը կրի: Եվ ես տեսնում եմ, որ արդեն էդ պրոցեսը գնում ա: Ես ծնողների հետ էլ եմ հանդիպում ունեցել եւ մի բան եմ ասել, որ սա էն դեպքն ա, որ էստեղ չի կարելի խաբել կամ ստել, կամ խուսափել, ամեն մարդ պետք է պատասխան տա: - Կոնկրետ Վռամի ծնողներն ասում են, որ Դուք Վռամին ասել եք` սպանությունը վերցրու քո վրա, ասել եք` իրեն կազատեք: Այսինքն` կոնկրետ միջնորդել եք, որ սպանությունը Արսենի վրայից դուրս գա: - Նման բան չի կարող լինել: Ինձ հետ էդ երեքի մեջ ամենաշատը Վռամն ա շփվել, բայց ինչի՞ ես եթե Վռամին ասում եմ, չեմ ասում էն մյուսին, էն մյուսին: Ես իրա ծնողներին մենակ մի բան եմ ասել` պետք է օբյեկտիվ գնա քննությունը: Ուրիշ բան չեմ ասել: Կամ ի՞նչ ա նշանակում` վերցրու քո վրա, ես տենց միջնորդություններ չեմ անում: - Սակայն հիմա, փաստորեն, գործը շրջվել է այն ուղղությամբ, որ կոնկրետ Վռամի վրա է դրված մեղադրանքը եւ մյուս երկուսի վրա խուլիգանության հոդված է, որը համաներման տակ է ընկնում (Վռամ Բաղդասարյանին 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում է սպառնում): - Ես ոչ քրեական օրենսգիրք գրողն եմ, ոչ էլ էդ դեպքի դիրիժորն եմ: Դա քննությունը պիտի ասի: Ես այդ հարցերին չեմ կարա պատասխանեմ: Ես չեմ կարող որեւէ մեկի մի բանի դրդել. ասել՝ էս բանը գնա արա, կամ չգիտեմ: - Ուզում եք ասել, որ մեղադրանքի հունը շեղելու ուղղությամբ միջնորդություններ չե՞ք արել: - Ես մեղադրանքի հունը շեղելու ոչ լծակ ունեմ, ոչ նման ցանկություն ունեմ, ոչ էլ ես կարող եմ թույլ տալ, որ մեղադրանքը մեկին վերաբերվի կամ չվերաբերվի, գնամ, միջորդություններ անեմ: - Սակայն Դուք եք, չէ՞, ցուցմունք տվել, որ Վռամն է սպանել, որ ինքը եկել-Ձեզ ասել է: - Այո: Վռամն է սպանել: Այդ դեպքի մասին ինձ պատմել է Վռամը: - Բայց առերեսման ժամանակ Վռամն այլ բան չի՞ ասել Ձեզ: - Վռամը չի ընդունել, բայց ինձ այդ մասին պատմել ա Վռամը: - Վռամն այսօր ասում է, որ ինքը նման բան չի արել, եւ ծնողներին ասել է, որ իր մոտ այլ զենք է եղել: - Դե, ես չգիտեմ: Էդ արդեն քննչական պրոցեսը ցույց կտա: Քննությունը ցույց կտա: Ինչքանո՞վ ա դա հիմա ինձ վերաբերում: - Պարոն Շահինյան, ասվում է, որ Դուք գումար եք վերցրել Ձեր քրոջից՝ գործով միջնորդելու համար: - Իմ քույրը շատ համեստ աշխատավարձով ապրով մարդ ա, փեսաս էլ չի աշխատում, առողջական խնդիրներ ունեն: Ինչի՞ համար ես իմ քրոջից պետք ա գումար վերցնեմ: - Ճի՞շտ է, որ Վռամ Բաղդասարյանը Ձեր օգնականն է եղել: - Այո, ինձ մոտ աշխատել է: Իրան էլ եմ աշխատանքի ընդունել: Վռամը եւ իմ մեքենան էր վարում, եւ, այո, օգնական կարճ ժամանակ աշխատել է: Իսկ հայրն ինձ մոտ աշխատել է գանձումների բաժնում եւ մինչեւ փոխթաղապետ հասել է: - Իսկ կարելի՞ է իմանալ, ինչո՞ւ էիք բացակայում Հայաստանից: - Ես շատ հաճախ եմ բացակայում: Մենակ չէի բացակայում: Մենք կնոջս հետ էինք բացակայում: Գործ ունեինք, գործերը վերջացրեցինք, վերադարձանք: www.hraparak.am
| |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |