18:55 ԽԼՈՒՄ ԵՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԼՈՒՅՍԸ | |
![]() Ներքին խավարի մեջ ապրող մարդիկ չեն սիրում լույսը, ազատությունը. ավելի ստույգ՝ պարզապես վախենում են: Հետևաբար շատ հաճախ հոգով ազատ մարդուն գցում են անազատության մեջ` մահացածների մոտ: Թերևս մտածում են, թե խավարի մեջ մռայլ ու խավար բանտախցի պատերը կարող են հանգցնել հոգու լույսը: Սխալվում են: Իմ զենքն իմ խիղճն է ու ճշմարտությունը: Համոզված եմ, որ վաղ թե ուշ արդարությունը կհաղթանակի: Բանականության ձայնը ավելի բարձր կհնչի, քան կույր ատելությունը, չէ՞ որ գթասրտությունն ավելի զորեղ է, քան չարությամբ լցված ուղեղները: Դաժան ու անմարդկային համակարգը չի կարողանում հանդուրժել, որ ես արդարություն եմ պահանջում: Իրար են խառնվել, քանի որ փաստերով եմ խոսում: [ ?]Այսպես, մարտի 10-ին «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչը դատարանում ասաց, որ անցյալ տարվա օգոստոսի 29-ի «Հետաքննություն» հաղորդաշարի ժամանակ հնչած իմ գործի վերաբերյալ սխալ տեղեկատվությունը տրամադրել է Գլխավոր դատախազությունը: Եվ տարօրինակ զուգադիպությամբ նույն օրը երեկոյան ինձ տեղափոխեցին մի մութ, խոնավ, քարուքանդ, միջատներով լի խուց: Որևէ խախտում չեմ արել, ինձ մոտ խուզարկության ժամանակ չի հայտնաբերվել որևիցե արգելված իր: Պարզապես իրենց անզորությունից խլում են ցմահ բանտարկյալիս բաժին հասնող առանց այդ էլ քիչ մաքուր օդն ու արևի լույսը: Հետո էլ նույն այդ համակարգն ասում է` 20 տարի առանց օրենք խախտելու նստես, կարող ես վաղաժամկետ ազատվել: Ստացվում է, որ հենց իրենք են ամեն օր օրենք խախտում, իսկ բանտարկյալից պահանջում են չպայքարել, չպահանջել իրենցից, որ հենց իրենք` մեկուսարանի աշխատակիցները, դատախազությունը, դատարանները չխախտեն օրենքները: Արևի լույսի հետ կապված մի բան էլ ասեմ. մինչև 2003 թ. նույն այդ լույսը, որ մոլորակի ամեն բնակչի, կենդանի օրգանիզմի համար պարգև է, չեմ տեսել` նույնիսկ մեկ անգամ մահապատժի դատապարտվածին զբոսանքի չեն տարել: Ասացեք խնդրեմ, իսկ ո՞ր օրենքն է Հայաստանում նման պատիժ սահմանել: Կա՞, եղե՞լ է արդյոք նման օրենք, կարգ, որով սահմանվի, թե մարդուն, թեկուզև բանտարկյալին պետք է պահել մութ, խոնավ, կեղտոտ խցում, զրկել մաքուր օդից, զբոսանքից, տեսակցությունից, սննդից, հիգիենայի տարրական պայմաններից: Ո՞վ է պատասխան տալու այդ անօրինականությունների, այդ դաժան, ոչ մարդկային վերաբերմունքի համար... 2003-ից հետո էլ, մինչ օրս նույնպես ամեն օր խախտվում, ոտնահարվում են ցմահ բանտարկյալի` օրենքով, կարգով սահմանված իրավունքները: Ամենավառ օրինակը բերեմ. մինչ օրս բանտարկյալին զրկում են սահմանված կարգով ամենօրյա զբոսանքից: Իսկ հիմա էլ փորձում են լռեցնել` մութ ու խոնավ խցում պահելով: Սա՞ է արդարադատությունը: Իսկ ուսադիր կրող օրինախախտներին, հանցագործներին ո՞վ պետք է պատժի: Լատինական ասացվածք կա. «Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` երես»: Պատկերավոր եթե նկարագրեմ, այս համակարգում, որտեղ ինձ պահում են և, իբր, փորձում են ուղղել` մի ձեռքը «սպեցովկայով» հանցագործի ձեռքն է, մյուսը` ուսադիր կրող օրենքի ներկայացուցչի հանցագործ ձեռքն է: Իսկ ինչ մնում է երեսին, որ լվացվում է այդ երկու ձեռքերի կողմից, ապա զարհուրելի, արնախում, հանցագործի երես է: Իսկ ես` Մհեր Ենոքյանս, թե այն կողմի, թե մյուս կողմի աչքի փուշն եմ դարձել: Դե, երեսը մեկն է, որ մի աչքի մեջ էլ լինեմ, իրենց ցավն ընդհանուր է: Ես էլ նույն երեսի երկու աչքի մեջ եմ` ճշմարտությունն եմ ասում, փաստեր հրամցնում: Իսկ արդարությունը պետք չէ ոչ «սպեցովկայով», ոչ էլ ուսադիրով հանցագործներին: Պարոն Նախագահ` հարգարժան պարոն Սերժ Սարգսյան, քանի որ ես հանցագործ համակարգի աչքի փուշն եմ դարձել, խնդրում եմ հանեք ինձ այստեղից: Մայրիկիս կողմից պապիկիս հայրը քահանա է եղել: 1915 թվին թուրքերը հենց եկեղեցու ներսում գլխատել են նրան հենց իր որդու` պապիս աչքի առաջ: Իմ ճակատագիրն էլ` հայի ճակատագիր է… Ցավալի է, սակայն, որ հենց Հայաստանում եմ նման անարդար վերաբերմունքի արժանացել` հայ դատավորի, հայ բանտապահների կողմից: ՄՀԵՐ ԴԱՎԹԻ ԵՆՈՔՅԱՆ www.lragir.am
| |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |