Главная » 2011 » Մարտ » 12 » Վարչական դատարանին ընդդատյա են
20:28
Վարչական դատարանին ընդդատյա են


Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ վեճերն ընդդատյա են վարչական դատարանին

Կան դեպքեր, երբ վարչական դատարանը կարճում է գործը, հայցադիմումը առհասարակ չի ընդունում իր վարույթ` պատճառաբանելով, որ. «վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունն անվավեր ճանաչելու հայցով վարչական դատարան դիմելու իրավունք վերապահված չէ» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցատեսակ չի սահմանվում»:

[ ?]Ահա այդպիսի օրինակ է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղապետարանի (այսուհետ՝ Գյուղապետարան)` Գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին թիվ ՎԴ4/0074/05/09 վարչական գործը: Դատարանը կարճել է գործը` Գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով: Կարճման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Գյուղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասով վեճն ընդդատյա չէ դատարանին: Արդյունքում վարչական դատարանը եկել է այն եզրահանգման, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցատեսակ չի սահմանում, հետևաբար, նման հայցով վարչական դատարան դիմելու իրավունք չկա։

Սույն գործի շրջանակներում ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր իրավաբանական անձ իրավունք ունի դիմել վարչական դատարան, եթե նա գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա իրավունքները և ազատությունները։

Միաժամանակ, ՀՀ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ առկա է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ինչպես գործողությունները, այնպես էլ անգործությունը դատական կարգով վիճարկելու՝ ոչ իրավաչափ ճանաչելու հնարավորություն։

Բացի այդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 69-րդ հոդվածի և 96-րդ հոդվածի դրույթների վերլուծության արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ վարչարարության ընթացքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) վարչարարությունը դրսևորվում է ինչպես որոշակի գործողությունների կատարմամբ, այնպես էլ՝ անգործությամբ։ Ընդ որում` վարչական մարմնի անգործության հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն գործողությունը կամ անգործությունը օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում։

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր չէ վարչական դատարանի այն պատճառաբանությունը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածից հետևում է, որ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցով վարչական դատարան դիմելու իրավունք վերապահված չէ։

Այստեղից ծագում մի շարք հարցեր.

-Ինչու՞ վարչական դատարանը` ի դեմս դատավոր Արթուր Արշավիրի Ծատուրյանի, որը պարտավորված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն կատարել չի անդրադարձել նրան, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածը նախատեսում է ՀՀ վարչական դատարանում վարչական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողության կամ անգործության իրավաչափության բողոքարկման հնարավորություն։

-Ինչու՞ չի անդրադարձել անգործության էությանը, որը կայանում է անձի կողմից այնպիսի գործողություններ չկատարելու մեջ, որոնք նա պարտավոր էր և կարող էր կատարել իր վրա դրված պարտավորությունների ուժով:

-Ինչու՞ պետք է հայցվորը ստիպված լինի դիմել վերադաս ատյաններին, որպեսզի օգտվի Սահմանադրությամբ սահմանված իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից:

-Ինչու՞ պետք է քաղաքացիները ծախսեն հավելյալ ֆինանսներ, վարձեն փաստաբաններ, ապացուցելու համար այն, ինչ օրենսդիրն այդքան պարզ շարադրել է:

-Ինչու՞ են դատարաններն այսօր մարդու մեջ կոտրում հավատն արդարադատության նկատմամբ, օրենքի նկատմամբ, հետո էլ հենց իրե՛նք են պարտավորեցնում հետևել իրենց իսկ խախտած օրենքին: Չէ՞ որ դատավորը պետք է լինի արդարադատության խորհրդանիշը և նրա որոշումների ու դատավճիռների օրինական և հիմնավորված լինելը չպետք է կասկած հարուցեն մարդկանց մոտ:

 

Ախ այդ ինչուները …

 

Տաթև Հարությունյան

www.advocates.am
Просмотров: 837 | Добавил: norikyan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Name / Login
E-mail