19:07 ՄՈՍԿՎԱՅԻ ԳՈՐԾԱՐՔԻ 90-ԱՄՅԱԿԸ | |
![]() Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (16 մարտի, 1921թ.) փորձաքննությունն ըստ միջազգային իրավունքի Այդ ժամանակ` 1921թ.-ի մարտի 16-ին, բոլշևիկները պայմանագիր կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային հանձնեցին Հայաստանի Հանրապետության մի մասը, երկու այլ մասեր տվեցին Ադրբեջանին, և մնացորդի վրա փակցրեցին ՙՍովետական Հայաստան՚ պիտակն ու բռնակցեցին Ռուսաստանին: Ջեյմս Ջերարդ, ԱՄՆ-ի դեսպան Գերմանիայում (1913-17թթ.) [ ?]Մարտի 16-ին լրանում է Մոսկվայի ռուս-թուրքական, այսպես կոչված, պայմանագրի (16 մարտի, 1921թ.) հերթական տարելիցը: Հիրավի տարելիցը, քանի որ նշյալ պայմանագրից է ածանցվում Կարսի պայմանագիրը (13 հոկտեմբերի, 1921թ.), որով, ըստ ոմանց թյուր պատկերացման, որոշվում է հայ-թուրքական սահմանը: Sասնյակ գրքեր ու հարյուրավոր հոդվածներ են գրվել Մոսկվայի պայմանագրի մասին, սակայն, որքան էլ տարօրինակ է, միջազգային իրավունքի տեսանկյունից երբեք չի կատարվել պայմանագրի փորձաքննությունª որոշելու համար նրա վավերական կամ ոչ վավերական (valid or not valid) լինելը: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, ՙմիջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները՚: (International treaties are agreements between subjects of International Law – creating, amending or terminating their mutual rights and obligations): Սա ամրագրված է Պայմանագրային իրավունքի վերաբերյալ 1969թ. Վիեննայի կոնվենցիայի (Vienna Convention on Treaty Law, 1969) մեջ: Կոնվենցիայի հոդված 2 {1} {ա}-ն պայմանագիրը բնորոշում է որպես ՙպետությունների միջև գրավոր կերպով կնքված և միջազգային իրավունքի վրա խարսխված միջազգային համաձայնություն՚ (an international agreement concluded between States in written form and governed by international law) : Այսինքն, պայմանագրի օրինականության համար վճռորոշ է միջազգային իրավունքին համապատասխանելը: Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչը: Ինչպես գրված է Մոսկվայի պայմանագրի նախաբանում, այն կնքվել է ՙՌուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության՚ միջև: Քանի որ ցանկացած պայմանագրի կարգավիճակ ածանցվում է այն ստորագրողների իրավական կարգավիճակից, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցնել նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը 1921թ. մարտի 16-ի դրությամբ: I. Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության (РСФСР) կարգավիճակը 1921թ.-ին: Պայմանագիրը կնքելու պահին չկար ՙՌուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն՚ (РСФСР) ճանաչված պետություն, հետևաբար միջազգային իրավունքի սուբյեկտ: Բնականաբար նրա կառավարությունը չուներ որևէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: ՌՍՖՍՀ-ի, արդեն ՍՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսվել է միայն 1924թ.-իցª Մեծ Բրիտանիայի ճանաչումով (1 փետրվարի, 1924թ.): Մինչև 1924թ.-ը տեղի ունեցած, այսպես կոչված, ՙճանաչումները՚, չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից: Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից: Օրինակ, 1920թ.-ին սովետական կառավարությունը ճանաչել է Բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չի ընդունվել Դաշնակից ուժերի կողմից, այն հիմնավորմամբ, որ սովետական կառավարությունն իր հերթին օրինապես ճանաչված չէր: Նման մոտեցումը երկրորդվել է դատական վճիռներով: Այսպես, ՌՍՖՍՀ-ն ընդդեմ Սիբրարիոյի (RSFSR vs. Cibrario) դատական գործում (1923թ.), ԱՄՆ դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարության հայցը այն հիմնավորմամբ, որ վերջինս ճանաչված չէ: Նմանատիպ վճիռ, նույն հիմնավորմամբ կայացրել է Շվեդիայի Գերագույն դատարանը Սովետական կառավարությունն ընդդեմ Էրիքսոնի (Soviet Government vs. Ericsson) դատական գործում (1921թ.): Վերոհիշյալ և տասնյակ այլ դատական վճիռներ և կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրավունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսնանկյունից գոյություն չունեն, հետևաբար որևէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքացիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին և այլն) չեն կարող ծավալել: II. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921թ.-ին: Ըստ էության, սովետական իշխանության և կառավարության վերաբերյալ վերոգրյալը, ամբողջովին վերաբերում է նաև, այսպես կոչված, ՙԹուրքիայի Ազգային մեծ ժողովի՚ կառավարությանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկվայի պայմանագիրը: Հիշարժան է, որ անգամ քեմալականները որևէ հավակնություն չունեին օրինական իշխանությունների առկայության դեպքում իրենց համարելու Թուրքիայի լիազոր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թե Թուրքիայի կամ Թուրքիայի կառավարության անունից, այլ ՙԹուրքիայի Ազգային մեծ ժողով՚ կառույցի ՙկառավարության՚: Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր (NGO), և նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ: Նմանօրինակ կազմակերպություններ եղել են ու կան աշխարհի զանազան երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը: Աներկբայորեն, առնվազն մինչև 1922թ.-ի նոյեմբերը, այսինքն սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը, և միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, լիազորել որևէ անձի հանդես գալու երկրի անունից: Ընդհանրապես քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով և միջազգային իրավունքի խախտումով, որոնք են երկրի օրինական իշխանության` սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը և Մուդրոսի զինադադարի (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարումը: Մուստաֆա Քեմալը 1921թ.-ին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր: Այդ իսկ պատճառով դեռևս 1920թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի` շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) Մուստաֆա Քեմալը մահվան էր դատապարտվել: Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը: Այս դատավճիռը 1920թ. մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից: Ի դեպ, Քեմալի և քեմալականների նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է միայն 1923թ. հուլիսի 24-ին` ներման համապատասխան հայտարարագրով: Ի լրումն սրա, Մոսկվայի պայմանագրի Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի ևս մի խախտում է, քանի որ ՙպայմանգրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության՚: Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում. ՙA treaty does not create either obligations or rights for a third State without its consent՚: Այսպիսով, ըստ վերոշարադրյալի, Մոսկվայի պայմանագիրը. ա) անօրինական է ու անվավեր; բ) այն չէր կարող որևէ պարտավորություն պարունակել Հայաստանի Հանրապետության համար, առավել ևս որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում հոդված 1) կամ Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին (պայմանագրում հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) բացահայտ ոտնահարումով: Իսկ ինչպես ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում, ՙՊայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին՚: (Article 53. A treaty is void, if at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm (jus cogens) of general international law). ԱՐԱ ՊԱՊՅԱՆ Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 16 մարտի, 2007թ. Սույն հոդվածը գրվել և տպագրվել է դեռևս չորսը տարի առաջ: Քանի որ այս ընթացքում ոչինչ չի փոխվել, հոդվածն ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում նույնությամբ: www.lragir.am | |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |