
Թեև միջազգային իրավունքի նորմերը պարտադրում են
Հայաստանին թույլ չտալ կնոջ իրավունքների այնպիսի ոտնահարում, ինչպիսին
այսօր Հայաստանում ապրող եզդի կանանց հանդեպ է դրսևորվում, սակայն մեր
պետությունը չի կարող այս հարցում որևէ փոփոխություն անել, քանի որ սա
կդիտարկվի որպես ոտնձգություն ազգային փոքրամասնությունների իրավունքների
և ավանդույթների դեմ: Ժամանակակից
կյանքը թեև շատ փոփոխություններ է բերում բոլոր ազգերին, սակայն եզդիները
շարունակում են մնալ նույնը. նրանք դեռ ամուսնանում են միայն իրենց ազգի
ներկայացուցչի հետ՝ անպայման հաշվի առնելով, թե որ կաստայից է (շեխ, փիր,
մրիդ), արգելում են իրենց աղջիկներին կրթություն ստանալ, անձամբ են
որոշում իրենց երեխաների ճակատագիրը և ոչ մի դեպքում չեն խախտում իրենց
ընդունած ներքին օրենքները, որոնք երբեմն պարզապես ապշեցնում են:
[ ?] «Սեր»
կոչվածը եզդիների մոտ ընդհանրապես չկա: Մինչև այժմ էլ եզդի աղջիկներին,
առանց նրանց համաձայնության, 14-16 տարեկանում ամուսնացնում են, և դրա
դիմաց աղջկա ծնողները գումար են ստանում: Եզդի տղան էլ երբեմն մի ամբողջ
կյանք հայ աղջկա է սիրում, բայց ամուսնանում է եզդու հետ: Կոպիտ ասած`
եզդի հարսնացուները վաճառվում են՝ դեռ չհասած ամուսնության տարիքին, իսկ
տղաները` անկախ կյանքում իրենց ունեցած ձեռքբերումներից, չեն ունենում
իրենց ցանկությունն իրագործելու քաջություն:
«Կինն այստեղ
բացարձակապես անտեսված է: Ամուսնությունից հետո եզդիների համար անպատվաբեր
է համարվում կնոջ հասարակական գործունեությունը, ավելին` եզդի կինը տանը
իրավունք չունի տղամարդու հետ միևնույն սեղանից հաց ուտելու»,- պատմում է
ԵՊԲՀ-ի ուսանող, ազգությամբ եզդի, սակայն սեփական ավանդույթներին
ընդդիմացող 24-ամյա Սիման:
Սիմայի պատմելով` շատ եզդիներ իրենց
հարսներին արգելում են հիվանդանոցում ծննդաբերել` այդ գործողությունը
կազմակերպելով տանը: Դատապարտվում է անգամ կնոջ հմայքի համար օգտագործվող
ցանկացած կոսմետիկայի օգտագործումը: Ծննդյան տոների կամ առիթների ժամանակ
տղամարդիկ առանձին են նստում, կանայք՝ առանձին: Եթե տանը շատ տղամարդ է
լինում, միշտ ջահել տղաներն են սպասարկում: Իհարկե, լինում են նաև
բացառություններ, ինչն ավելի շատ հանդիպում է մայրաքաղաքում բնակվող եզդի
համայնքում, սակայն գյուղական վայրերում եզդիները մեկուսացված են իրենց
«օրենքներով»:
Եվ որքան էլ որ մեր երկրում կնոջ իրավունքների
այսպիսի ոտնահարումն անցանկալի է, եզդի կանանց կողմից որևէ բողոք չկա, և
նրանց մեղադրել էլ պետք չէ: Ցանկացած նման բան նրանց կողմից կդիտարկվի
որպես քայլ ազգային ավանդների դեմ, և այս պարագայում եզդի կինը կմերժվի
ազգակիցների կողմից:
«Ոչ մեկն էլ չի համարձակվի հեռանալ,
որովհետև նրան այլևս եզդի չեն համարի: Ոչ մի բան հնարավոր չէ փոխել,
մարդասպանություն կլինի, նրան դուրս կթողնեն իր կաստայից, մայրն ու հայրը
երես կթեքեն, դա խայտառակություն է, իսկ իրենք կառչած են իրենց
արմատներից»,- պատմում է եզդիական «Լալըշ» թերթի խմբագիր Օվսաննա
Մադաթյանը:
www.1in.am
|