
Ռուսաստանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Խորհրդի քննարկման է
ներկայացրել մարդու իրավունքների կոնցեպցիայի և այսպես կոչված ավանդական
արժեքների` արժանապատվության, ազատության և պատասխանատվության կապի
վերաբերյալ մի բանաձև: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ
Լավրովը: Բացատրական գրության մեջ նշվում է, որ «մինչ մարդու իրավունքները
ճանաչված են ողջ աշխարհում, դրանք ոչ բոլոր տեղերում են ընդունված: Կա
ընկալման պակաս, որ մարդու իրավունքներն իրոք ունիվերսալ են: Առավել ևս,
որոշ հասարակություններում մարդու իրավունքները դիտվում են որպես օտար
կոնցեպցիա, որը պատկանում է աշխարհի միայն մի մասին և պարտադրվում է մյուս
մասին»:
2009 թ սեպտեմբերին Մոսկվան նախաձեռնել էր նույնանման մի
բանաձևի քննարկում: Արդեն այդ ժամանակ արևմտյան պետություններն
արտահայտեցին իրենց անհամաձայնությունը: Նրանք ենթադրում են, որ
Ռուսաստանը իրականում հակադրում է մարդու իրավունքներն ավանդական
արժեքներին և հնարավորություն է տալիս կոնկրետ իրավունքները հարգելուց
հրաժարվելը մեկնաբանել որպես ավանդական մշակութային արժեքների հարգում:
Ինչո՞վ
չեն դուր գալիս մարդու իրավունքները Ռուսաստանին, որոնք հիմնված են
ազատության և բացարձակ իրավահավասարության վրա: Ըստ ամենայնի, հենց
իրավահավասարությունն է, որ առաջ է բերում Ռուսաստանի դժգոհությունը, որտեղ միշտ կան խմբավորումներ, որոնք ունեն «ավանդական» արտոնություններ`
քաղաքական, տնտեսական, սոցիալական: Այդ արտոնություններն արդարացվում են
հասարակության մեջ ավանդական հարաբերություններով` «բարի թագավորի»
հոգեբանությամբ, կարողություն ունեցող մարդկանց սխալվելու իրավունքով
օժտելով, իշխանության` «չափի մեջ ուտելու» "թույլտվությամբ”, տղամարդկանց
հանդեպ հատուկ վերաբերմունքով և այլն: Համամարդկային իրավունքները
ենթադրում են արտոնությունների բացարձակ բացակայություն, իսկ դա
ընդհանրապես չի տեղավորվում ռուսական իշխանությունների հաշվարկներում ու
պատկերացումներում:
Նման "ավանդույթներ” գոյություն ունեն նաև
Հայաստանում, որտեղ կեղծ արժանապատվությամբ կարող են արդարացնել
բռնությունը մարդու հանդեպ, որտեղ պատասխանատվությունը հակադրված է
ազատությանը եւ չի հանդիսանում դրա շարունակությունը, որտեղ ընտանեկան
հարաբերություններն անվանվում են քաղաքացիական, իսկ իրականում հիմնվում են
խանդի, տղամարդկային արժանապատվության և կանացի հավատարմության ազգային
"ավանդական” պատկերացումների վրա: Հայաստանում իրավահավասարությունը
նույպես բավական հարաբերական է, և դա արտացոլվում է կյանքի բոլոր
ոլորտներում:
Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ այստեղ մարդկանց
գնահատում են ոչ թե հոգևոր արժանիքներով, քաղաքացիական ներդրմամբ և կամ էլ
բնության շնորհածի մակարդակով, այլ իշխանության չափով, որը նա ձեռք է
բերել, և իրավունքները բաշխվում են իշխանության ծավալին համապատասխան:
Արդյո՞ք Հայաստանը կաջակցի ՄԱԿ-ում Ռուաստանի բանաձևին:
www.lragir.am
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ