23:12 Կառավարության նիստի ժամանակ վիճել են արդարադատության նախարարն ու գլխավոր դատախազի տեղակալը | |
Քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը տարաձայնություններ է առաջացրել արդարադատության նախարարության եւ գլխավոր դատախազության միջեւ։ Այսօր՝ մարտի 10-ին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց վերը նշված հայեցակարգը, որի կապակցությամբ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դժգոհություն արտահայտեց: Ըստ Թամազյանի՝ Գլխավոր դատախազության ներկայացրած առարկությունները առանձին տեղեկանքի ձեւով չի ներկայացվել կառավարության մյուս անդամների ուշադրությանը, ինչը ընթացակարգի պահանջ է: Բացի այդ՝ Գլխավոր դատախազությունը գտնում է, որ ներկայացրած հայեցակարգում առկա են Սահմանադրությանը հակասող դրույթներ։ [ ?]Սրան ի պատասխան արդարադատության նախարարն ասաց, որ հայեցակարգը մշակող աշխատանքային խումբը երկար ժամանակ գլխավորել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ երբ ինքն է ստանձնել աշխատանքային խմբի ղեկավարումը՝ որեւէ առարկություն չի ստացել։ Սահմանադրության հետ կապված էլ հայտարարեց, որ որեւէ հակասություն չի տեսնում: Վիճաբանությանը միջամտեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ասելով, որ ներկայացված փաստաթուղթը կոնսեսուսի արդյունք է։ «Եթե փորձենք նորից անդրադառնալ արմատական խնդիրներին, ապա պետք է զրոյից սկսենք»,- ասաց վարչապետը։ Սակայն վարչապետի պարզաբանումները ակնհայտորեն Գլխավոր դատախազության ներկայացուցչին չբավարարեցին, եւ նա պնդեց, որ Սահմանադրությանը հակասող դրույթները պետք է վերանայվեն։ Հիշեցնենք, որ քրեական դատավարության գործող օրենսգիրքը ընդունվել է 1998 թ.։ 2004-08 թ.թ. օրենսգրքում կատարվել են մի շարք էական փոփոխություններ։ Սակայն արդարադատության նախարարության ներկայացրած տեղեկանքում նշված է, որ այդ փոփոխությունների մի մասն ավելի է խճճել իրավիճակը, կրել են դրվագային բնույթ եւ համաձայնեցված չեն եղել այլ օրենսդրական ակտերի հետ։ «1998 թվականի Օրենսգիրքն իր փիլիսոփայությամբ եւ տրամաբանությամբ, կառուցվածքով եւ ներուժով, հաջողված եւ անհաջող փոփոխություններով, ինտեգրված եւ չինտեգրված ինստիտուտներով, առաջադիմական եւ ոչ արդիական դրույթներով, բազմատեսակ եւ իրարամերժ մեկնաբանություններով, խայտաբղետ եւ հակասական պրակտիկայով օբյեկտիվորեն ի վիճակի չէ համապարփակ կարգավորման ենթարկել քրեական գործերի քննության եւ լուծման ընթացակարգը»,- եզրակացրել են արդարադատության նախարարությունում։ Նշենք, որ նոր հայեցակարգով առաջարկվում են մի շարք արմատական փոփոխություններ։ Այսպես՝ քրեական դատավարության ընթացքում պետք է բարձրացվի դատարանների դերն ու նշանակությունը, կսահմանվի ռեաբիլիտացիայի ինստիտուտ՝ տվյալ քրեական վարույթի շրջանակներում արդարացվածի կրած վնասների հատուցման նպատակով, ձերբակալված անձին պետք է մեղադրանք ներկայացվի 60 ժամվա ընթացքում, հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի։ www.news.am | |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |