19:03 Ինչո՞ւ են Հայաստանում սկսել հաշվառել երեխաներին | |
Այս օրերին սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են ծավալվել Հանրապետությունում մեկնարկած երեխաների հաշվառման գործընթացի վերաբերյալ: Ոմանք դա համարում են «կասկածելի գործընթաց», մյուսներն ընդհանրապես լսել չեն ուզում դրա մասին: Գործընթացն իրականացվում է տարածքային կառավարման նախարարության անմիջական հսկողությամբ: Դպրոցներում կամ մանկապարտեզներում երեխաների ծնողներին տեղեկացնում են, որ պետք է ներկայանալ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն ու ներկայացնել փաստաթղթերի մի ամբողջ կապոց` ծնողների անձնագրերն ու պատճեները, երեխայի ծննդյան վկայականը, բոլորի սոցիալական քարտերը, բնակարանի սեփականության վկայականը և տեղեկանք բնակավայրից: Տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայության ղեկավար Զոյա Բարսեղյանը տեղեկացրեց, որ երեխաների հաշվառման գործընթացն սկսվել է հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա, երբ պարզվել է, որ հանրապետությունում մեծաթիվ չգրանցված ծնունդներ կան: Նրա խոսքով, գործընթացի նպատակը Հայաստանի բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացումն է: Երևանում և Հանրապետության երկու մարզերում` Գեղարքունիքում ու Շիրակում փորձնական հետազոտությունն իրականացրել է Հայ Օգնության միությունը (ՀՕՄ) և պարզել, որ 145 երեխա ծննդյան վկայական չունի: ՀՕՄ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Աննա Մնացականյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, որ ուսումնասիրությունն իրականացվել է հենց թիրախային խմբում, մասնավորապես, հանրակացարաններում, որտեղ ենթադրվում է, որ բնակության տարածքում գրանցումների հետ կապված խնդիրներ կլինեն: «Հայտնաբերեցինք նաև, որ ծննդյան վկայական չունեցող երեխաների խնդիրը սկսվում է իր ծնողների փաստաթղթերի խնդիրներից` մայրը չունի անձնագիր կամ չունեն գրանցման վայր», -նկատեց ՀՕՄ-ի ներկայացուցիչը: Հանրապետության մասշտաբով ուսումնասիրություն, որպես այդպիսին, չի իրականացվել, սակայն, Աննա Մնացականյանի խոսքով, տարածքային կառավարման նախարարությունը ներքին կարգով համայնքներից պահանջել համապատասխան տեղեկություններ, ինչի արդյունքում պարզվել է, որ շուրջ 4000 երեխա ծննդյան վկայական չի ունեցել: «Եթե կինը սոցիալապես անապահով խավից է և տրանսպորտային ծախսերի գումարի խնդիր ունի, մի քիչ էլ կրթական ցենզը չի համապատասխանում, էլ չի հետևում այդ հարցերին: Բայց պետությունը որոշակիորեն պարտավոր էր պահանջող լինել` այդ երեխան չէ՞ որ մի օր պետք է գնար դպրոց», -նշում է մեր զրուցակիցը: Մյուս կողմից, եթե դպրոցի ղեկավարությունը ծննդյան վկայականի բացակայության պատճառաբանությամբ մերժեր ընդունել երեխային, ապա, ըստ Մնացականյանի, կխախտվեր երեխայի` կրթություն ստանալու Սահմանադրական իրավունքը: «Դասղեկն իրավասու է հետամուտ լինել` ստանո՞ւմ է երեխան ծննդյան վկայական թե՞ ոչ», -նկատում է նա: Զոյա Բարսեղյանի խոսքով, ներկայացրած ուսումնասիրությունից հետո սկսվեց գործընթաց, որ մինչև 16 տարեկան երեխաները հաշվառվեն պետական ռեգիստրում: «Չգրանցված երեխաները պոտենցիալ թրաֆիքինգի կամ շահագործման զոհ են դառնում: Դրա համար այսպիսի գործընթաց է սկսվել», -նշում է Բարսեղյանը` հավանական համարելով այն, որ դպրոցներում անհրաժեշտ պարզաբանում չի տրվել գործընթացին, ինչն էլ ծնողների շրջանում մտոհոգության տեղիք է տվել: Գործընթացը վերհսկող Տարածքային կառավարման նախարարությունը տեղեկացնում է, որ փաստաթղթերի հսկա կապոց ներկայացնել պետք չէ: Ավելին, անհրաժեշտ չէ ներկայացնել նաև տան սեփականության վկայական: Ասյպիսիով, նախարարության տարածած պարզաբանման համաձայն, մինչև 16 տարեկան երեխաների հաշվառման համար անչափահասի ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը) պետք է դիմի իրենց հաշվառման վայրը սպասարկող ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային ծառայություն` ներկայացնելով երեխայի ծննդյան վկայականը և ծնողի (խնամակալի) անձնագիրը, և հաջորդ իսկ աշխատանքային օրվանից ցանկացած պահի կարող է ստանալ տեղեկանք` հաշվառված լինելու վերաբերյալ: Եթե մինչև 16 տարեկան երեխան չունի ծննդյան վկայական, ծնողը պետք է օրենքով սահմանված կարգով դիմի ծննդյան վկայական ստանալու և հետո միայն` հաշվառվելու համար: «Այլ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Ինչպես նաև պարտադիր չէ երեխայի ներկայությունը», -տեղեկացնում են Տարածքային կառավարման նախարարությունից: Երեխաների հաշվառման գործընթացը և Երևանում, և Հանրապետության մարզերում շարունակվելու է մինչև մայիսի 31-ը ներառյալ: Գործընթացն իրականացվում է անվճար: ՀՕՄ-ի իրականացրած հետազոտության արդյունքները ներկայացնելիս` Աննա Մնացականյանն ասաց, որ ծննդյան վկայական չունեցող երեխաների ծնողների շուրջ 30 տոկոսն ունի բարձրագույն կրթություն: «Նրանք ավելի շուտ ունեն իրավագիտակցության շատ ցածր մակարդակ և չեն դիմում փաստաթղթերի հետ կապված խնդիրները լուծելու համար, անհետևողական են և այդ խնդիրը կարևոր չեն համարում», -կարծիք հայտնեց Մնացականյանը: Աղբյուր՝ http://www.panorama.am
| |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |