Главная » 2011 » Ապրիլ » 1 » ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ
17:59
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

2010թ. մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ապաքրեականացվեցին վիրավորանքի և զրպարտության հանցակազմերը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվեցին վիրավորանքի կամ զրպարտության միջոցով անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները: Այս փոփոխությունների գաղափարը ողջունել է ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դ. Միյատովիչը և գնահատել է այն որպես խնդրի լուծման  օրինակելի տարբերակ, ինչի մասին նշվել է նաև  ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համարբերգի զեկույցում:
 
Այնուամենայնիվ, անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանն առնչվող դրույթների սահմանման նպատակային նշանակության տեսանկյունից մենք պետք է առավել կարևորենք դրանց հստակ մեկնաբանությունն ու պատշաճ կիրառումը: Ուստի, կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից բխող որոշ սկզբունքային մոտեցումներ, որոնք անհրաժեշտ է կիրառել Հայաստանի դատական պրակտիկայում:
 
?]- Քաղաքական գործիչները պետք է առավել  հանդուրժող վերաբերմունք ունենան մամուլի քննադատության նկատմամբ: Քննադատության թույլատրելի շրջանակները քաղաքական գործիչների դեպքում շատ ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ քննադատության շրջանակները,
 
- Արտահայտվելու ազատության իրավունքի չարաշահման դեպքերում դատարանի կողմից սահմանվող փոխհատուցումը պետք է համաչափ լինի անձի հեղինակությանը հասցված վնասին,
 
- Պաշտպանված պետք է լինի ոչ միայն այն տեղեկատվությունը կամ գաղափարը, որն ընդունվում է բարեխղճությամբ կամ համարվում է անվտանգ և չեզոք, այլ նաև այն, որը վիրավորում է, պատճառում է ցնցում կամ անհանգստություն,
 
- Լրագրողական ազատությունը լրագրողին թույլ է տալիս նաև դիմել որոշակի չափազանցության և նույնիսկ` սադրանքների,
 
- Պաշտպանվում է ոչ միայն գաղափարի ու տեղեկատվության բովանդակությունը, այլ նաև այն ձևը, որով այն ներկայացվել է,
 
- Ի տարբերություն փաստական տվյալների` անընդունելի է լրագրողից պահանջել ապացուցել  իր հրապարակած կարծիքների, գնահատող դատողությունների և մեկնաբանությունների  ճշմարտացիությունն ու հավաստիությունը,
 
- Արտահայտվելու ազատության իրավունքը կարող է սահմանափակվել այլոց հեղինակության կամ իրավունքների, հասարակական շահի, արդարադատության հեղինակության ու անաչառության պաշտպանության նպատակներով,  որոնք, սակայն,  պետք է ենթարկվեն խիստ սահմանափակ մեկնաբանության,
 
- Ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն ժողովրդավարական հասարակության և յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է, և այլն:
 
Ելնելով այս սկզբունքների պահպանման և միաժամանակ  լրագրողների մասնագիտական էթիկայի ապահովման անհրաժեշտությունից` ավելի եմ արժևորում լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների ստեղծումն ու լրագրողական վարքագծի կանոնագրքերի մշակումը: 2007թ-ից ՙԵրևանի մամուլի ակումբ՚ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության դիտորդ մարմինը, որն իրականացնում է Վարքականոնի պահպանման դիտարկում, քննարկում է դրա դրույթների խախտման վերաբերյալ դիմում-բողոքները և ընդունում համապատասխան եզրակացություններ: Ցանկալի է, որ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանն առնչվող վեճերի լուծումը իրականացվի հենց այս մարմնի կողմից` լրագրողական էթիկայի չափանիշներն արդյունավետ իրագործելու,  չարաշահումները վերացնելու և լրատվամիջոցների անկախությունն  ապահովելու նպատակով:
 
Այդուհանդերձ, եթե անձը նախընտրում է դիմել դատարան, ապա, վստահ եմ, որ Եվրոպական դատարանի նախադեպային նշանակություն ունեցող վերոհիշյալ մեկնաբանությունները և սկզբունքները կլինեն Ձեր կողմից ընդունված դատական ակտերի հիմքում:
 
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
Просмотров: 342 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail