20:52 ԳՐԱՍԽԱԼՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ | |
![]() Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվեց և ավարտվեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի՝ հերքման իրավունքի պահանջով քաղաքացիական հայցն ընդդեմ «Կենտրոն» հեռուստաընկերության դատավարությունը։ Դատավճիռը կհրապարակվի մարտի 18-ին: Խոսքը վերաբերում է դեռևս նախորդ տարվա օգոստոսի 29-ին հեռուստաընկերության «Հետաքննություն» հաղորդաշարի ժամանակ հրապարակված տեղեկատվությանն առ այն, որ Մհեր Ենոքյանը 1996 թ. սպանել էր համակուրսեցուն՝ Իոսիֆ Աղաջանովին, ապա վերջինիս դին բաժանել 17 մասի։ Օրենքով սահմանված կարգով, սեպտեմբերի 17–ին, Մհեր Ենոքյանը սխալ տեղեկատվությունը հերքելու պահանջով դիմել էր հեռուստաընկերություն։ [ ?]Հիշեցնենք, որ «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, հերքումը հրապարակվում է առավելագույնը մեկամսյա ժամկետում։ Նույն հոդվածի 2-րդ կետով էլ, անճշտությունը տարածած ԶԼՄ-ն, հերքման պահանջը ստանալուց հետո, մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է տեղեկացնել հերքման եղանակի, օրվա ու ժամի մասին։ Սակայն բոլոր ժամկետները լրանալուց և «Կենտրոն» հեռուստաընկերությունից որևէ պատասխան չստանալուց հետո արդեն նոյեմբեր ամսին Մհեր Ենոքյանը քաղաքացիական հայցով դիմել էր դատարան՝ հերքման իրավունքի պահանջով: Ի դեպ, դատը պարբերաբար հետաձգվում էր պատասխանող կողմի ներկայացուցչի բացակայության պատճառով: Այս անգամ ներկայացել է հեռուստաընկերության լրատվական բաժնի լրագրող Արթուր Հակոբյանը: «Ո՞ր մարմինը կամ պաշտոնատար անձն է տրամադրել տեղեկատվություն, ըստ որի իմ պաշտպանյալի կողմից 1996թ–ին համակուրսեցու դիակը բաժանվել է 17 մասի». Այս հարցով Մհեր Ենոքյանի փաստաբան Վահագն Մանուկյանը դիմեց «Կենտրոն» ՀԸ ներկայացուցչին։ Պատասխանողը նախ ասաց, որ «ԶԼՄ-ների մասին» օրենքն իրավունք է տալիս լրատվության միջոցին չհրապարակել տեղեկատվության իր աղբյուրը, սակայն փաստաբանի` հարցի վերաձևակերպումից հետո լրագրողը նշեց, որ հաղորդումը պատրաստվում է ՀՀ Դատախազության պատվերով, որ հեռարձակվող նյութերը տրամադրվում են հենց այդ մարմնի կողմից: Պատասխանող կողմը` Կենտրոն ՀԸ տնօրենի անունից, դատարան ներկայացրեց գրություն, ըստ որի հեռուստաընկերությունն ընդունում է, որ տեղի է ունեցել անճշտություն և որ 2010 թ-ի նոյեմբերի 28-ին «Հետաքննություն» հաղորդաշարի շրջանակներում տեղ է գտել օգոստոսի 29-ին եթեր հեռարձակված անճշտության հերքումն առ այն, որ Մհեր Ենոքյանը համակուրսեցու դին չի բաժանել 17 մասի։ Ենոքյանի փաստաբանը որպես ապացույց ներկայացրեց դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնք, ի դեպ, իրենց վերջնական տեղն են գտել 1996 թ-ի դատավճռում. «Այնտեղ որևէ խոսք չկա դիակի մասնատման մասին”,- հայտարարեց փաստաբան Վահագն Մանուկյանը` խոսելով նաև youtube.com կայքում դեռևս պահպանվող նույն հաղորդման տեսագրության մասին, ինչին ի պատասխան Արթուր Հակոբյանն ընդգծեց, որ հեռուստաընկերությունը չի տեղադրում տեսագրությունները համացանցում: 15 տարի անազատության մեջ գտնվող Մհեր Ենոքյանի մայրը` բժշկուհի Վարդուհի Օհանյանը տարակուսում է անընդմեջ կրկնվող անճշտություններից. «Ո՞րն է դրանց նպատակը»,- հռետորական հարց է ուղղում նա: Հիշեցնենք, որ երկրորդ փախուստից հետո` 2010 թ. Մհեր Ենոքյանին վերագրվել էին երկու և ավելի անձանց սպանություն կատարելու մեղադրանք, նաև ավազակային հարձակում։ Այս ամենի մասին Ենոքյանն իմացել էր պատահաբար: Իր «Ես ողջ եմ, բայց վանդակի մեջ» հոդվածում նա այսպես է գրում. «Փաստերի ճնշման տակ դատարանն ընդունեց սխալը: «Մհեր Ենոքյանը երբևէ չի մեղադրվել իրեն վերագրված սպանությունների մեջ, ինչպես նաև երբևէ չի մեղադրվել որևիցե ավազակային հարձակման մեջ: Դատավճռում տեղի է ունեցել գրասխալ»: Ինձ` Մհեր Ենոքյանիս, և իմ հետ միասին նաև ազնիվ փաստաբաններին ու քաղաքացիներին մնում է միայն ասել` կեցցե՛ մեր «արդարադատությունը», որն իրեն մեկ տարի շարունակ կույր էր ձևացնում: Եվ միայն անդադար պահանջներից ու շատ կարևոր է` ԶԼՄ-ներում հարցը լուսաբանելուց հետո միայն, ՀՀ քաղաքացուն օդից վերցված սպանությունների մեջ մեղադրելն անվանվեց ուղղակի գրասխալ: Զարհուրելի է, որ մեր դատարաններում քաղաքացուն այդպես հեշտ կարող են սպանությունների մեջ մեղադրել և հետո ասել` կներեք, պարզապես գրասխալ է տեղի ունեցել: Եվ սա այսօրվա դրությամբ` 2011 թ-ին: Իսկ ի՞նչ է կատարվել 15 տարի առաջ, երբ ինձ մահապատժի դատապարտեցին…»: www.lragir.am
| |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |