Главная » 2011 » Մարտ » 8 » Աշոտ Հարությունյանը պնդում է, որ ծեծի է ենթարկվել դատավորի կողմից
13:56
Աշոտ Հարությունյանը պնդում է, որ ծեծի է ենթարկվել դատավորի կողմից


Առաջադրված մեղադրանքից հետո դատարանի որոշմամբ նա 2 ամսով կալանավորվեց: Ժամկետը լրանալուց հետո նախաքննական մարմինը 2 անգամ էլ հանդես եկավ միջնորդությամբ կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ընդ որում` միջնորդություններից մեկը ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժանմունքի, մյուսը` Հատուկ քննչական ծառայության կողմից: Բայց երկու անգամ էլ դատարանը միջնորդությունները մասնակի է բավարարել` կալանքի ժամկետը երկարաձգելով 1-ական ամսով: Վերջին որոշմամբ` կալանքի ժամկետը լրանալու էր մարտի 9-ին:

[ ?]Բայց մարտի 4-ին ՀՔԾ քննիչ Գաբրիել Պետրոսյանը, Աշոտ Հարությունյանի մոտ կալանավայր գնալով, վերջինիս հայտնել է նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին իր որոշումը: Կալանավորումը փոխարինվել է ստորագրությամբ, ըստ որի` Աշոտ Հարությունյանը չի կարող հեռանալ քաղաքից առանց նախաքննական մարմնի իմացության: Նման որոշումը, սակայն, ըստ Աշոտ Հարությունյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի, բարի կամքի դրսեւորում չէ. «Նրա համար չի ազատվել, որ ինչ-որ մեկը լավ վերաբերմունք ունի, ինչ-որ մեկը բարի է, ցանկանում է, որ այդպես լինի: Այդ դեպքում 4 ամիս անազատության մեջ չէր մնա, այդքան զրկանքներ չէր կրի»,- ասում է փաստաբանը:

Նրա կարծիքով` դատարանի վերջին վճռից հետո նման որոշումը միանգամայն սպասելի էր վարույթն իրականացնող մարմնի կողմից. քննելով կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը` դատարանը 1 ամիսը բավարար էր համարել գործի քննությունը ավարտին հասցնելու համար: Վճռով սահմանված` 1-ամսյա ժամկետը լրանալուց հետո մեղադրյալը, ըստ փաստաբանի, միեւնույնն է պիտի ազատ արձակվեր` կամ դատարանի որոշմամբ, կամ քննիչի: Փաստաբանի խոսքով` նախաքննական մարմինը պարզապես հասկացավ, որ հանգամանքները փոխվել են. 3 ամիս առաջ, «գործը ամուր էր»` ի վնաս Աշոտ Հարությունյանի: Իսկ 3 ամիս անց, երբ դատական կարգադրիչների գործողություններում օրենքի խախտում հայտնաբերվեց, եւ գործն ուղարկվեց ՀՔԾ, այն «թուլացավ»:

«Ժամանակը աշխատեց Աշոտի օգտին, եթե մի քիչ էլ անցներ, կարող էր աշխատել արդեն ի վնաս դատավորի»,- ասում է Տիգրան Հայրապետյանը:

Ի դեպ, նախաքննական մարմնի` վերը նշված որոշումից ոչ մեղադրյալը, ոչ էլ նրա պաշտպանը տեղյակ չեն եղել: Խափանման միջոցը փոխվել է առանց պաշտպանի ներկայության: Որոշման հիմքերն էլ հայտնի չեն: Նման քայլով փաստաբանը ոտնահարված է համարում պաշտպանության կողմի իրավունքը: Ըստ նրա` նախաքննական մարմինը դրանով փորձում է ընդգծել իր առավել կարեւոր դերը գործի քննության ընթացքում: Գործի քննությունն էլ, ինչպես համոզված է Տիգրան Հայրապետյանը, օբյեկտիվ չէ:

Դրա ապացույցն է համարում այն, որ վարույթն իրականացնող մարմինը չի պատասխանում պաշտպանության կողմի միջնորդություններին: Օրինակ` միջնորդություն է ներկայացվել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Այս միջնորդությունը փաստաբանը կարեւորում է նրանով, որ վերջերս Աշոտ Հարությունյանի առողջական վիճակը մեկուսարանում կտրուկ վատացել է: Բժշկական զննությամբ պարզվել է, որ մեղադրյալը երիկամների հետ կապված խնդիր ունի:

«Դեպքից 4 ամիս է անցել, բայց Աշոտ Հարությունյանի առողջությունը չի վերականգնվում, այնինչ փորձագետը եզրակացություն է տվել, որ նրա առողջությանը թեթեւ վնաս է պատճառվել»,- ասում է փաստաբանը` ընդգծելով կրկնակի փորձաքննության անհրաժեշտությունը:

Փաստաբանի փոխանցմամբ` Աշոտ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն էլ հստակ չէ: Մեղադրանքի մեջ նշվում է, որ նա խոչընդոտել է իշխանության ներկայացուցչի գործողությունները: Պարզ չէ` իշխանության ներկայացուցիչը դատավո՞րն է, կարգադրիչնե՞րը, թե՞ դատավորն ու կարգադրիչները միաժամանակ: Եվ քանի որ դա հստակ չի հասկացվում, այդ հանգամանքը ըստ հարմարության է մեկնաբանվում:

«Դա լողալու տեղ է, լողալով մեկ մի կողմ են անցնում, մեկ` մյուս. կարգադրիչներից` դատավորին, դատավորից` կարգադրիչներին»,- ասում է փաստաբանը: Ստեփանավանի քննչական բաժնում նշվում էր, որ Աշոտ Հարությունյանը խոչընդոտել է կարգադրիչների գործողությունները, որոնք պաշտպանել են դատավորին: Նույն մեղադրանքը ՀՔԾ-ն դիտում է այլ տեսանկյունից. Աշոտ Հարությունյանը գործել է դատավորի հանդեպ ունեցած անձնական թշնամանքից մղված, քանի որ վերջինս իբր թե վճիռ է կայացրել ի վնաս Աշոտի հոր: «Եթե այդպիսին է մեղադրանքը, դատավորը պետք է տուժող ճանաչվի»,- հետեւություն է անում փաստաբանը:

Բայց երբ արդեն տրվում է այդ հարցը` ինչու դատավորը որպես տուժող ներգրավված չէ գործում, այդ դեպքում միայն կարգադրիչներն են մատնանշվում. ասվում է, որ Աշոտ Հարությունյանը միայն կարգադրիչների գործողություններն է խոչընդոտել: «Այդ դեպքում էլ մեղադրանքի մեջ պետք է նշվի շարժառիթը` ինչու է խոչընդոտել կարգադրիչներին, քանի որ նա կարգադրիչների հետ որեւէ առնչություն չի ունեցել»,-ասում է փաստաբանը եւ ավելացնում. «Մեղադրանքն այնպես է գրվել, որ ով ինչպես ցանկանում, այնպես էլ հասկանում է»

Որպես տուժող` գործում փաստացի ներգրավված են 2 դատական կարգադրիչները: Դեպքի վայրում գտնված մյուս 2 կարգադրիչները տուժող չեն ճանաչվել այն պատճառաբանությամբ, որ դեպքի օրը աշխատանքի մեջ չեն եղել եւ վնաս չեն կրել:

Տիգրան Հայրապետյանի կարծիքով` դատավորին տուժող չճանաչելու պատճառ կարող է լինել այն, որ, փաստաբանի տեղեկություններով, դատավորի եւ վկաների ցուցմունքների մեջ հակասություններ են եղել: «Եթե առերեսում լիներ, դատավորը սխալներ թույլ կտար, եւ նրա վիճակը կտրուկ կվատանար»,- ասում է փաստաբանը:

Բայց կարծում է, որ գործի` դատաքննության փուլ մտնելով` մեղադրանքի անհիմն լինելը կբացահայտվի, ինչը ոչ շահեկան կլինի վարույթն իրականացնող մարմնի համար: Ինչ վերաբերում է Աշոտ Հարությունյանի իրավական կարգավիճակի փոփոխությանը, ճիշտ է, նա արդեն ազատության մեջ է, բայց, պաշտպանի խոսքով, օգտագործվելու են օրենքի բոլոր հնարավորությունները մեղադրյալին արդարացնելու համար: Հնարավոր է` առաջիկայում պաշտպանության կողմը բողոքարկի ՀՔԾ քննիչի գործողությունները:

www.hetq.am

Просмотров: 401 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail