Главная » 2011 » Մարտ » 16 » Ամբաստանյալը դռնփակ նիստ էր պահանջում
20:21
Ամբաստանյալը դռնփակ նիստ էր պահանջում


Այսօր Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող նրա ամուսնու` Յանիս Սարկիոսովի դատավարությունը:

Դատարանի առջև ցուցապաստառներ իրենց բողոքն արտահայտեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի մասնակիցները:

Դատական նիստն արդեն երեք անգամ հետաձգվել է, սակայն այս անգամ Յանիս Սարկիսովի նոր դատապաշտպան Ժորա Հարությունյանի բոլոր ջանքերին հակառակ դատարանը չհետաձգեց նիստը:

Նիստի ամբողջ ընթացքում ամբաստնյալը թաքցնում էր դեմքը և պահանջում, որ նիստը անցկացվի դռնփակ, սակայն դատարանը մերժեց պահանջը:

[ ?]«Դատական նիստը պետք է դռնփակ շարունակվի, քանի որ այն շոշափում է ընտանեկան հարցերը, արտամուսնական կապերը: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, ապա նրանք ամեն կերպ խախտել են անմեղության կանխավարկածը»,- հայտնեց դատապաշտպանը:

Յանիս Սարկիսովն ամեն կերպ փորձում էր անհարգալից վերաբերմունք ցուցաբերել դատարանի նկատմամբ, որպեսզի նրան դուրս բերեն դահլիճից: Դատապաշտպանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց, որը մերժվեց: «Պաշտպանության կողմը դատարանի կողմից զրկված է պաշտպանության իրավունքից: Դատարանի որոշումները շահագրգիռ են»,- հայտարարեց նա:

Մինչեւ դատական նիստի ավարտը ի նշան բողոքի` Յանիս Սարկիսովն ու նրա դատապաշտպանը լռություն պահպանեցին: Քանի որ ամբաստանյալ Սարկիսովը հրաժարվեց ցուցմունք տալուց, ընթերցվեց նրա նախաքննական ցուցմունքները, որոնցում նա նշում է, որ Զարուհին թույն խմելով ինքնասպանություն է գործել, քանի որ դավաճանել է ամուսնուն քոլեջի փոխտնօրեն Դ.Հակոբյանի հետ:

Որպես վկա` հանդես եկավ հարևան Հայկուշ Պապոյանը. «Շատ շնորհքով, նամուսով աղջիկ էր, մենակ շուտ-շուտ գլխացավեր էր ունենում: Մեր տունը կպած է իրենց տանը. գոռգոռոցներ շատ են լսվել, մի անգամ էլ պատին խփելու ձայներ էին գալիս, մտածեցինք, որ խեղճ աղջկա գլուխն են պատով տալիս, քանի որ իր ձայն էր բարձր լսվում»:

Մյուս վկան` Զարուհի Պետրոսյանի մտերիմ ընկերուհի 20-ամյա Ասյա Զախարյանն էլ նշեց. «Զարուհին խնդրել էր, որ չզանգեմ իրեն, քանի որ զանգերի պատճառով իրեն ծեծում են»,- ավլացնելով, որ Զարուհին մերժել էր ոստիկանությանը դիմելու իր առաջարկը:

Ի դեպ, Զարուհու աղջիկը այժմ մանկատանն է և քրոջ ընտանիքն արդեն լուծում է խնամակալության հարցերը: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 28-ին, ժամը 12-ին:

www.a1plus.am

Просмотров: 347 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail