20:26 Աբսուրդ. Կենտրոնի դատավորը գլուխն ազատում է լրատվամիջոցի դեմ ներկայացված հայցից | |
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավորությամբ, այսօր` մարտի 11-ին քննեց NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության դեմ ներկայացված հայցը: Դատական նիստին չէր ներկայացել հայցվոր կողմի` Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը, ով, սակայն, միջնորդել էր հայցը լսել առանց իր մասնակցության: Հայցը, որպես այդպիսին, այդպես էլ չլսվեց, քանի որ դատավորն ակնհայտորեն որոշել էր իր վրայից գցել անհեթեթ հայցի քննությունը եւ այն բարդել այլ դատարանի փխրուն ուսերին: [ ?]Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2010թ. նոյեմբերի 23-ին NEWS.am-ը հոդված էր հրապարակել Հայաստանի քաղաքացի Հովհաննես Կաթրջյանի մասին: Վերջինս իր խոսքում մեղադրել էր բժշկական կենտրոնին իրեն խաբելու եւ 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ, էժանագին սարք տեղադրելու մեջ: Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն էլ որոշել էր, թե NEWS.am-ը լուրջ հարված է հասցրել իր պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին եւ հայց է ներկայացրել դատարան՝ լրատվամիջոցից 2 միլիոն դրամ պահանջելով: Հայցը ներկայացվել է իրավաբանական անձ չհանդիսացող կայքի, այլ ոչ թե հիմնադիր «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի դեմ: Նախորդ դատական նիստում «Մեդիա-Կոնսալտ» ընկերության ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանն ու Դիանա Գրիգորյանը ներկայացրին բացառիկ այդ սխալը, ինչից հետո դատարանը ժամանակ էր հատկացնել բուժկենտրոնին` հայցը պատշաճ տեսքի բերելու եւ նոր պատասխանող ընդգրկելու համար: Հայցվոր կողմը մեկ ամիս մտածելուց հետո եկել էր եզրահանգման, որ անհրաժեշտ է նաեւ փոխել դատարանը, քանի որ «Մեդիա-Կոնսալտը» գրանցված է քաղաքի այլ վարչական շրջանում: «Մեդիա-Կոնսալտի» ներկայացուցիչները այսօր կայացած նիստում քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներով հանգամանալից պարզաբանեցին, որ հայցն ընդդատյա է հենց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, սակայն դատավոր Էդիկ Ավետիսյանը, պարզվեց, մտադիր էր ամեն կերպ գլուխն ազատել գլխացավանքից: Նա անգամ իր խոսքում բառացի հայտարարեց, թե խախտում է արել` գործը վարույթ ընդունելով եւ որոշեց բավարարել Արիթմիոլոգիական կենտրոնի միջնորդությունն ու հայցն ուղարկել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Արդեն նիստից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Դիանա Գրիգորյանը նկատեց, որ դատավորը պարզապես գլուխն ազատել է հայցից: «Եթե առաջնորդվենք օրենքով, ապա դատավորն իրավունք չուներ նման որոշում կայացնել եւ ինքն էր պարտավոր շարունակել գործի քննությունը: Բայց դատավորը որոշեց այլ քայլի գնալ` ընդհուպ մինչեւ դատական նիստի ընթացքում արձանագրեց, որ խախտում է թույլ տվել, հայցադիմումը վարույթ ընդունելով: Գտնում եմ, որ իրականում դատավորը ցանկություն չուներ գործը քննել եւ որոշումն ուղղակի իր վրայից գործի քննությունը հանելու միտում էր»,- նշեց փաստաբանը: Լուսանկարը ` Գագիկ Շամշյանի www.news.am | |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |